Encyclopedia

Կանադա

Պետական կարգը՝ սահմանադրական միապետություն
Մայրաքաղաքը՝ Օտտավա
Տարածքը՝ 9.984,7 հզ. կմ2
Բնակչությունը՝ 32,9 մլն
Պետական լեզուները՝ անգլերեն, ֆրանսերեն
Դրամական միավորը՝ կանադական դոլար

Կանադան (անգլ. Canada [ˈkænədə], ֆր. Canada [kanaˈda]), պետություն է Հյուսիսային Ամերիկայում, աշխարհի երկրորդ ամենամեծ երկիրն է իր գրաված տարածքով։ Ողողվում է Ատլանտյան, Խաղաղ և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսներով, սահմանակցում է ԱՄՆ-ի հետ հարավում և հյուսիս-արևմուտքում, Դանիայի (Գրենլանդիա) հետ հյուսիս-արևելքում և Ֆրանսիայի (Սեն-Պիեր և Միկելոն) հետ արևելքում: Կանադայի`   ԱՄՆ-ի հետ սահմանը համարվում է աշխարհի ամենաերկար ընդհանուր սահմանը:

Կանադան զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային մասը, Վանկուվեր, Նյուֆաունդլենդ, Շառլոտա թագուհու, Կանադական Արկտիկական կղզեխումբը, Արքայազն Էդուարդ և այլ կղզիներ: Տարածքի մեծությամբ աշխարհի երկրորդ երկիրն է (Ռուսաստանից հետո): Կանադան Բրիտանական համագործակցության անդամ է: Պետության ղեկավարը Մեծ Բրիտանիայի թագավորն (թագուհին) է, որին ներկայացնում է գեներալ-նահանգապետը: Կանադայի ափերը ողողում են Խաղաղ, Հյուսիսային սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսների ջրերը:
 
Տարածքի մեծ մասը հարթավայրային է, արևմուտքում՝ լեռնային. 800 կմ լայնությամբ ձգվում է Կորդիլիերների լեռնային համակարգը: Մեծ ձգվածության (մոտ 4600 կմ) հետևանքով երկիրը գտնվում է արկտիկական, մերձարկտիկական և բարեխառն կլիմայական գոտիներում: Ձմռանն ամենուրեք առաջանում է կայուն ձնածածկույթ (հաստությունը`   մինչև 150 սմ): Երկրի հյուսիսում բազմամյա սառածություն է: Գետային ցանցը խիտ է, հարուստ`   ջրաէներգետիկ պաշարներով: Հարթավայրերում ձևավորվում են լճագետային համակարգեր:
Մեծ լճերի Ֆինլի-Փիս-Ստրկական-Մակենզի համակարգն ընդգրկում է Փոքր Ստրկական, Աթաբասկա, Մեծ Ստրկական, Մեծ Արջի լճերը:
 
Ատլանտյան օվկիանոսը Մեծ լճերին է կապում Սուրբ Լավրենտիոս գետը, որը փոխադրական կարևոր ուղի է: Ծովային նավերն այդ գետով հասնում են մինչև լճերը: Գետը հոսում է Քվեբեկ նահանգի խիտ բնակեցված հարավային շրջաններով. ափերին փռված են խնամքով մշակված հողերով, բանջարանոցներով ու այգիներով շրջապատված ագարակներ:
Անտառները, որոնք զբաղեցնում են Կանադայի տարածքի կեսից ավելին, երկրի գլխավոր հարստություններից են: Անտառներում կան հազվագյուտ շատ ծառատեսակներ, օրինակ՝ թավոտ, փոքր-ինչ կապտավուն ասեղնատերևներով ճերմակ եղևնին, շաքարաթխկին, կարմիր թխկին և այլն: Ահա թե ինչու Կանադայի դրոշի վրա պատկերված է թխկու տերևը, իսկ կանադական բնափայտն ու թուղթը հայտնի են ամբողջ աշխարհում:
 
Առաջին եվրոպացիները՝ ֆրանսիացիներն ու անգլիացիները, ընդամենը 500 տարի առաջ Ատլանտյան օվկիանոսով նավարկել են դեպի Կանադա և իրենց բնակավայրերը հիմնել Սուրբ Լավրենտիոս գետի ափերին: Եկվորներին առաջին հերթին հրապուրել է երկրի մուշտակամորթ գազանների առատությունը. նրանք այստեղ հիմնում էին ֆակտորիաներ (մթերման և առևտրամատակարարման բնակավայր-կայաններ) և շատ շուտ հարստանում էին՝ տեղի հնդկացիներից չնչին գներով ձեռք բերելով գազանների արժեքավոր մորթին:
Անգլո-ֆրանսիական Յոթնամյա պատերազմի հետևանքով 1763թ-ին Կանադան դարձավ անգլիական տիրույթ, որն ուներ ընդամենը 70 հզ. եվրոպացի վերաբնակներ, որից 60 հզ-ը`   ֆրանսիացիներ: Այն ժամանակ Կանադան նույնիսկ կոչում էին Նոր Ֆրանսիա: Հետագայում նրանց ավելացան նաև ամերիկյան գաղութարարներ, և XVIII դարի վերջին երկրում կազմավորվեց կանադաբնակ ժողովրդի ձևավորման 2 կենտրոն՝ ֆրանսիական Կանադան (այժմյան Քվեբեկ նահանգը) և անգլիական Կանադան (ժամանակակից Օնտարիո նահանգը): 1867թ-ի հուլիսի 1-ին դրանք միավորվեցին դաշնության մեջ՝ դառնալով Մեծ Բրիտանիայի առաջին դոմինիոններից (ինքնակառավարվող տիրույթներ) մեկը: 1982 թ-ի ապրիլ 17-ին ընդունել է նոր սահմանադրություն  և անկախացել է Մեծ Բրիտանիայից:
XX դարի սկզբին անգլիական ու ամերիկյան ընկերություններն այստեղ փորեցին առաջին հանքահորերը, կառուցեցին ջրաէլեկտրակայաններ, թղթի ու մետաղաձուլական գործարաններ: Կանադան դարձավ գունավոր մետաղների, փայտեղենի, թղթի խոշորագույն արտադրողներից մեկը: Կանադա եկան նոր գաղութաբնակներ Գերմանիայից, սկանդինավյան երկրներից, Ավստրո-Հունգարիայից, Ռուսաստանից և այլ երկրներից:
 
Կանադայի բնիկները հնդկացիներն ու էսկիմոսներն (իննուիտներ) են, որոնք, սակայն, ներկայումս բնակչության չնչին փոքրամասնություն են կազմում, բնակվում են հյուսիս-արևմուտքում և պահպանել են իրենց հին նիստուկացն ու ոգին: Բնակչության մեծամասնությունը եվրոպական ժողովուրդների, գլխավորապես՝ անգլիացիների և ֆրանսիացիների սերունդներն են:
 
Այժմ անգլոկանադացիները կազմում են երկրի բնակչության մոտ կեսը, իսկ ֆրանսականադացիները՝ ավելի քան 1/4-ը: Այստեղ ապրում են նաև բավական թվով գերմանացիներ, իտալացիներ, հոլանդացիներ, հայեր և այլք: Բնակլիմայական պայմանների մեծ տարբերության պատճառով բնակչությունը խիստ անհավասարաչափ է տեղաբաշխված: Շուրջ 90 %-ը կենտրոնացած է հարավային՝ ԱՄՆ-ին սահմանամերձ 300–400 կմ լայնության գոտում: Հյուսիսային տարածքները տեղ-տեղ անմարդաբնակ են:
Կանադան զարգացած արդյունաբերական և գյուղատնտեսական երկիր է: Բնակչության 1 շնչին ընկնող արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանքով Կանադան զիջում է միայն ԱՄՆ-ին ու Շվեյցարիային: Այն աշխարհում առաջինն է ուրանի, ցինկի, ասբեստի, արծաթի, կալիումական աղի, երկրորդը՝ ալյումինի, նիկելի ու մոլիբդենի, երրորդը՝ երկաթի, բնական գազի, պղնձի, կոբալտի հանույթով: Անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով երկրում մշակվում է հողերի միայն 15 %-ը: Մշակում են ցորեն, գարի, կարտոֆիլ և այլն: Զարգացած է նաև ձկնորսությունը: Նյուֆաունդլենդ կղզու մոտ կան ընդարձակ ծանծաղուտներ, որտեղ կուտակվում են ձողաձկների վիթխարի վտառներ: Այս ծանծաղուտներում ձուկ են որսում ոչ միայն Կանադայի, այլև ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի ձկնորսանավերը:
Քվեբեկ նահանգում է գտնվում Կանադայի ամենամեծ քաղաքը՝ արդյունաբերական և մշակութային խոշորագույն կենտրոն Մոնրեալը (մոտ 3 մլն բնակիչ): Աշխարհի ոչ մի քաղաքում, Փարիզից բացի, չկան այնքան ֆրանսիախոս մարդիկ, որքան Մոնրեալում: Քաղաքը գտնվում է մի ընդարձակ կղզու վրա, որի գործարար կենտրոնում վեր են խոյանում բանկերի, ապահովագրական գրասենյակների, առևտրական և արդյունաբերական ֆիրմաների բարձրաբերձ շենքերը:
Կանադայի մայրաքաղաք Օտտավան համեմատաբար ոչ մեծ, խաղաղ քաղաք է, որտեղ չկան արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ, բայց շատ են վարչակառավարական հաստատությունները, օտարերկրյա դեսպանատներն ու պետական ծառայողների առանձնատները: 
Ֆրեյզեր գետի ստորին հոսանքում է գտնվում Արևմտյան Կանադայի կարևոր տնտեսական կենտրոնը՝ Վանկուվերը, որտեղ կլիման մեղմ է, և 10 ամիս լողափերը բազմամարդ են:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.