Encyclopedia

Կաթողիկոս

Կաթողիկոսը (հուն.`   καθολικος – ընդհանրական, համընդհանուր), քահանայապետ, հայրապետ, եպիսկոպոսապետ, Արևելյան մի շարք եկեղեցիների (Հայ, Վրաց, Ասորաց, Մալաբարի (Հնդկաստան), նեստորական ասորիների) գերագույն հոգևոր պետի տիտղոսն է:

Որոշ դեպքերում Կաթողիկոս բառը հոմանիշ է պատրիարք տիտղոսին: Սակայն քանի որ Հայ Առաքելական Եկեղեցիում գոյություն ունեն երկու պատրիարքություններ, Կաթողիկոսն անվանվում է նաև Ծայրագույն Պատրիարք, որով ցույց է տրվում Նվիրապետության մեջ Կաթողիկոսի առավել բարձր լինելը:

Կաթողիկոսի զգեստը հիմնականում համապատասխանում է եպիսկոպոսական զգեստին, այն տարբերությամբ, որ Կաթողիկոսը՝ իբրև գերագույն իշխանության մարմնավորում, իրավունք ունի կրելու նաև հայրապետական ասա և կոնքեռ:
 
Ամենայն հայոց կաթողիկոս
 
Հայ իրականության մեջ Կաթողիկոսը համարվում է Թադեոս, Բարդուղիմեոս առաքյալների և Գրիգոր Ա Լուսավորչի իրավահաջորդը և նրանց իշխանության ժառանգորդը: Նա տնօրինում է եկեղեցու վարչատնտեսական, հոգևոր-բարոյական, ծիսական, դավանական բոլոր հիմնական հարցերը:
 
Կաթողիկոսի առանձնաշնորհյալ իրավասություններն են եպիսկոպոս ձեռնադրելը և Մյուռոն օրհնելը:
Կաթողիկոսի պաշտոնը ցմահ է: Ազգային-եկեղեցական ժողովը կարող է գահընկեց անել Կաթողիկոսին բացառապես դավանական շեղումների դեպքում:
 
Ընտրվելու իրավունքով կաթողիկոսական ընտրություններին կարող են մասնակցել բոլոր եպիսկոպոսները:
Կաթողիկոս կարող են ձեռնադրել տասներկու կամ նվազագույնը՝ երեք եպիսկոպոսներ: Ձեռնադրությունից հետո կատարվում է Կաթողիկոսի օծում սրբալույս Մյուռոնով՝ ավագագույն արքեպիսկոպոսի և ներկա եպիսկոպոսների ձեռքով: Վախճանվելու դեպքում Կաթողիկոսի իրավասությունները, որոշ սահմանափակումներով, ստանձնում է Եպիսկոպոսաց ժողովի ընտրած կաթողիկոսական տեղապահը:
 
Էջմիածնի ընդհանրական կաթողիկոսը կոչվում է Ամենայն հայոց (այդ տիտղոսը սկսել է գործածվել X դարից, տարածում ստացել՝ XV դարից, պաշտոնապես կիրառվել՝ XIX դարից, Ներսես Ե Աշտարակեցու օրոք):
 
1999-ից Ամենայն հայոց հայրապետը Գարեգին Բ Ներսիսյանն է:
1995-ից Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն է Արամ Ա Քեշիշյանը:
 
Ըստ Հայ Առաքելական եկեղեցու, կաթողիկոսին անմիջապես դիմելու հարգելի ձևը «Վեհափառ Տեր» կամ «Վեհափառ» մակդիրն է: Ողջունելիս`   «Աստված օգնական, Վեհափա’ռ Տեր»:
 
Նստավայրը
 
Քաղաքական անբարենպաստ պայմանների թելադրանքով հայոց ընդհանրական Կաթողիկոսի նստավայրը բազմիցս փոխվել է:
 
1441-ից ի վեր կաթողիկոսի նստավայրը գտնվում է Էջմիածնում: Կաթողիկոսի նստավայրն անվանվում է Վեհարան:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.