Encyclopedia

Գալակտիկաներ

Աստղերի, միջաստղային գազերի և փոշու ու սև մատերիայի, աստղային կուտակումների`   ձգողության միջոցով կապված ահռելի համակարգը կոչվում է գալակտիկա:

Ծիր Կաթինը մեր Գալակտիկան է: Եթե պարզկա գիշերով հեռադիտակով կամ ոչ մեծ աստղադիտակով նայենք Ծիր Կաթինի ձգվող լույսի մշուշոտ շերտին, ապա կտեսնեք, որ այդ լույսը բխում է հսկայական քանակությամբ թույլ լուսարձակող առանձին աստղերից: 

Դա մեր Գալակտիկան է, որի անդամներն են Արեգակն ու գիշերային երկնքում երևացող բոլոր աստղերը: Այդ աստղային ընտանիքը կազմված է մոտ 100 մլրդ աստղերից, գազից ու փոշուց: Բացի մեր Գալակտիկայից, գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ գալակտիկաներ, որոնք ցրված են ողջ Տիեզերքում:
 
Եթե մենք կարողանայինք մեր Գալակտիկան դիտել հեռավոր Տիեզերքից, ապա կտեսնեինք միջին մասում համեմատաբար հաստ, իսկ եզրերում՝ պարուրաձև թևքերով հարթ, սկավառակաձև մի գոյացություն:
Գալակտիկայի աստղերի միջև գտնվում են գազի և փոշու հսկայական ամպեր: Դրանցից որոշները վառ լուսարձակում են, մյուսները մութ են:
 
Գալակտիկայի տեսակները
 
Գալակտիկաներն իրենց արտաքին տեսքով բաժանվում են 3 հիմնական դասերի՝ պարուրաձև, էլիպսաձև և անկանոն:
  • Մեր Գալակտիկան պարուրաձև գալակտիկա է, տրամագիծը 100 հզ. լուսատարի է (1 լուսատարին հավասար է 9,5.1012 կմ. դա այն տարածությունն է, որ լույսն անցնում է 1 տարում): Բազմաթիվ մեծ գալակտիկաներ ունեն շատ գեղեցիկ պարուրաձև տեսք:
  • Էլիպսաձև գալակտիկաներն աստղերից կազմված թանձր գնդեր են: 
  • Անկանոն գալակտիկաները որևէ որոշակի տեսք չունեն:
Շատ գալակտիկաներ հզոր ռադիոճառագայթման աղբյուրներ են, որոնք կարելի է գրանցել միայն ռադիոաստղադիտակներով: Տիեզերական տարածության մեջ գալակտիկաները խմբված են առանձին խմբերի ու կույտերի մեջ: Մեր Գալակտիկան գտնվում է Տեղական խումբ կոչվող կույտում:
 
Երկրին ամենամոտ գալակտիկան Մագելանի մեծ և փոքր ամպերն են: Դրանք աստղերից կազմված ամպեր են, որոնք երևում են միայն Հարավային կիսագնդից: Երկրից մինչև Մագելանի ամպերը եղած հեռավորությունը մոտ 180 հզ. լուսատարի է:
 
Մեր՝ Տեղական խմբի ամենամեծ գալակտիկան Անդրոմեդայի գալակտիկան է: Այն անզեն աչքով երևում է մշուշաբծի տեսքով: Անդրոմեդան 130 հզ. լուսատարի տրամագծով պարուրաձև գալակտիկա է, որը մեզանից հեռու է ավելի քան 2 մլն լուսատարի: 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.