Encyclopedia

Քուվեյթ

Քուվեյթը Մերձավոր Արևելքում`   Արաբական թերակղզու վրա գտնվող պետություն է: Նրան են պատկանում նաև Պարսից ծոցի մի քանի կղզիներ՝ Բուբիյան, Ֆայլական, Վարբան, Կուբբարը, Կարուն, Ումմ էլ Մարադիմը և այլն:
Տարածքի հիմնական մասն անապատներ են, լանդշաֆտը հարթավայրային է, տեղ-տեղ՝ բլրավոր, ամենաբարձր կետը (290 մ) գտնվում է երկրի ծայր արևելքում: Ընդերքը հարուստ է նավթով (աշխարհում առաջին տեղերից է), գազով: 
Կլիման չոր է, արևադարձային: Ջերմաստիճանն ամռանը բարձրանում է մինչև 40օC:
 
Քուվեյթը 7-րդ դարից մտել է Արաբական խալիֆության, 16-րդ դարից՝ Օսմանյան կայսրության կազմի մեջ:
19-րդ դարում այն դարձել է կռվախնձոր անգլիացիների և Օսմանյան կայսրության միջև: 1897 թ. այնտեղ տեղաբաշխվել է բրիտանական ռազմածովային հենակետ: 1899թ.անցել է Մեծ Բրիտանիայի խնամակալության տակ:
 
1927թ.վերջնականապես որոշվել են Քուվեյթի պետական սահմանները, որոնք մինչև օրս պահպանվում են: Քուվեյթն անկախություն է ձեռք բերել 1961թ-ի հունիսի 19-ին:
 
1990թ. Իրաքի զորքերը ներխուժել են Քուվեյթ՝ նրա նավթային պաշարները զավթելու նպատակով, ինչը, սակայն, առաջ է բերել համաշխարհային խոշոր նավթօգտագործողների զայրույթը. ԱՄՆ-ը, միջազգային կոալիցիա կազմելով, Քուվեյթում սկսել է ռազմական գործողություններ և 1991թ. Իրաքին դուրս մղել այնտեղից: 
 
Քուվեյթի տնտեսությունը հիմնված է զուտ նավթարդյունահանության վրա. այն նավթ արտահանող գլխավոր երկրներից է:
Քուվեյթի հիմնական բնակիչները քուվեյթցի արաբներն են  (45%): Կան նաև հարևան արաբական երկրներից եկածներ, բեդվիններ, եվրոպացիներ, հայեր և այլք: Գլխավոր քաղաքներն են Էլ Քուվեյթը և Մենա Էլ Ահմադին:
Բնակչության 88 %-ը քաղաքաբնակ է, ապրում է ժամանակակից շենքերում, շուրջ 20 հզ. մարդ քոչվոր է:
 
Հայերը Քուվեյթում հաստատվել են 1950-ական թվականներից՝ այստեղ գալով Իրաքից, Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Պաղեստինից ու Հորդանանից: Համայնքը ձևավորվել է 1954թ., երբ հայերի թիվն անցել է 1000-ը, ստեղծվել է առաջին համայնքային կառույցը՝ Ազգային վարչությունը:
1956թ.համայնքն անցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո և 1961 թ. ունի մնայուն հոգևոր հովիվ: 1963թ. կառուցվել է եկեղեցի-հանդիսասրահ: 1982թ. Էնտուզ Էլ Քուվեյթում ստեղծվել է Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմ:
1958թ. գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, 1961թ. ՝ Հայ ազգային վարժարանը, որն ստացել է միջնակարգ դպրոցի կարգավիճակ: Մինչև Ծոցի պատերազմը (1991թ.) համայնքը շարունակաբար ստվարացել է՝ հասնելով մինչև 10-12 հզ-ի:
 
Գործել են ֆուտբոլի խումբ, «Սեպումյան» թատերախումբը, երկսեռ երգչախմբեր և այլն: Պատերազմի պատճառով հայերը զանգվածաբար հեռացել են Քուվեյթից:
 
Ներկայումս Քուվեյթում հայերի թիվը հասնում է 5 հզ-ի, որոնց գերակշիռ մասն ապրում է մայրաքաղաքում: Առավելապես արհեստավորներ են ու մանր առևտրականներ, կան նաև պետական ծառայողներ ու մտավորականներ:
Գործում են Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցին, վարժարան՝ նախակրթական, միջնակարգ և երկրորդական բաժիններով: 
 

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.