Encyclopedia

Տիգրիս գետ

Տիգրիսը գետ է Հայկական լեռնաշխարհում և Միջագետքում։ Հոսում է Թուրքիայի և Իրաքի տարածքով։ Տիգրիսը կազմվում է Արևմտյան Տիգրիս և Արևելյան Տիգրիս գետերի միախառնումից։ Երկարությունը 1900 կմ, ավազանը՝ 375 հազար կմ2։

Տիգրիս–Եփրատի միջագետքը մարդկային քաղաքակրթության հնագույն կենտրոններից է։ Հնում այն կոչվել է Դղկաթ, որը նշանակում է նետ: Հիմնական ավազանն Իրաքի տարածքում է, Հայկական լեռնաշխարհիսահմաններում`   ոչ ավելի քան 40 հազար քառ. կմ:

Գետը սկիզբ է առնում Հայկական Տավրոսի լեռներից երկու`   Արևմտյան և Արևելյան Տիգրիս ճյուղերով: Արևմտյան Տիգրիսը`   Արղանա անվամբ սկիզբ է առնում Ծովք լճից, ապա միանալով Զիբենեին`   մտնում է բնական թունել և դուրս գալիս Վերին (Հայոց) Միջագետք: Գ. Սրվանձտյանը Տիգրիսի ակունքները նկարագրում է որպես ոսկեղեն մի երկիր: Տիգրիսը սրբավայր է, դրախտի չորս գետերից մեկը: Տիգրիսն սկսվում է Տավրոսի համակարգում 2000-3500 մ բարձրություններից, վտակները հոսում են խորը կիրճերով, առաջացնում են անտեցեդենտ հովիտներ և դուրս գալիս դաշտավայր`   ստեղծելով արտաբերման կոներ, որոնք կուտակում են մեծ քանակի գետաբերուկներ և սելավային (պրոլյուվիալ) նստվածքներ: Արևմտյան Տիգրիսի կարևոր վտակներն են`   Ամբար, Քաղիրդ (Բաթման)`   Սասունի գետ վտակով, Արզան, Բաղեշ (Բիթլիս): Արևելյան Տիգրիսը սկիզբ է առնում Հայկական Տավրոս և Կորդվաց լեռների կազմած անկյունից և գրեթե միշտ հոսում դեպի արևմուտք`   մինչև Սղերդ քաղաքից հարավ-արևմուտք, որտեղ միանում է Արևմըյան Տիգրիսին:
 
Արևելյան Տիգրիսը (Բոհտանի գետ) Քսենոֆոնն անվանում է Կենտրիտես: Վտակներն են Մոկսի, Խիզանի, Բաղեշի, Խարզան գետերը: Իսկ Արևմտյանին միանալուց հետո Տիգրիսի վտակներն են Խաբուր, Մեծ Զաբ, Բարազգիր և այլն: Տիգրիսը և վտակները ջրառատ են, սնվում են Տավրոսի միջին և բարձր լեռների գոտու առատ տեղումներից: Տիգրիսն ավելի ջրառատ է քան Եփրատը: Այսպես, Բաղդադի մոտ նրա տարեկան միջին ծախսը 1240 խմ/վրկ է, կարող է հեղեղել մշակվող հողատարածությունները, քանի որ վարարման դեպքում ծախսն անցնում է 13 հազար խմ /վրկ-ից և բազմաթիվ անգամ աղետներ է բերել: Այժմ կառուցված է հատուկ ջրանցք, որով Տիգրիսի ջրերը տանում են դեպի Եփրատ և փրկում շրջապատի տարածքը ողողումից:
 
Հայկական լեռնաշխարհի սահմաններում Տիգրիսի հոսքը 40 հազար քառ. կմ սահմաններից կազմում է 15-16 խոր. կմ, միջին ծախսը 530 խմ/վրկ է, առավելագույնը կարող է հասնել 5000 խմ/վրկ-ի, նվազագույնը`   69 խմ/վրկ, տարբերությունը ավելի քան 82 անգամ է: Նման տարբերությունը պայմանավորված է նրանով, որ ամռան երկրորդ կեսին Տավրոսի ամբողջ համակարգն ընկում է արևադարձային չոր օդային զանգվածների ազդեցության տակ, տեղումներ չեն լինում, իսկ Տավրոսի համակարգում առատ աղբյուրներ չկան, եղած ջրերն էլ օգտագործվում են բնակիչների կողմից: Գետի վտակները վճիտ են, վերին հոսանքներում հանքայնացումը չի անցնում 100 մգ/լ-ից, իսկ իջնելով դաշտավայր`   300-350 մգ/լ-ից: Գարնանը`   հորդացումների ժամանակ գետը տղմոտ է: Գետավազանի 1 քառ. կմ-ից տարեկան լվացվում է 250-400 տ տիղմ: Տարեկան կոշտ հոսք կազմում է 14-15 մլն տ, որի մի մասը նստում է Միջագետքի դաշտավայրում, մյուս մասը հասնում է Պարսից ծոց:
 
Տիգիրսը Եփրատին է միանում և կազմում Շատ- Էլ- Արաբ գետը, թափվում է Պարսից ծոց`   առաջացնելով արագ աճող դելտա: Միջագետքի դաշտավայրը ծովային ավազան է եղել և ցամաքել է այս երկու գետերի բերուկների կուտակումից: Ստորին հոսանքներում նավարկելի է: Հորդացման ժամանակ ոչ խորանիստ նավերը կարող են հասնել մինչև Մոսուլ:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.