Encyclopedia

Ստեփան Զորյան

Ստեփան Զորյանը (իսկական ազգանունը՝ Առաքելյան) ավարտել է ծննդավայրի ռուսական դպրոցը: 1906թ. մեկնել է Թիֆլիս, աշխատել «Սուրհանդակ», «Մշակ» թերթերում: 1918թ. լույս է ընծայել «Տխուր մարդիկ» պատմվածքների առաջին ժողովածուն, որն աչքի է ընկնում կյանքի և մարդկային հոգեբանության խոր ճանաչողությամբ: Պատմվածքներում նա թափանցել է հերոսների ներաշխարհը, բացահայտել իրականության հետ ներքին հակասությունները:
1919թ. տեղափոխվել է Երևան. աշխատել է ՀԽՍՀ լուսժողկոմատում (1922–25թթ.), ընտրվել Կենտգործկոմի անդամ (1929–37թթ.), եղել Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար (1950–54թթ.): 
 
Գրողը մեծ ճանաչման է հասել «Ցանկապատ» (1923թ.) և «Պատերազմը» (1925թ.) պատմվածքների ժողովածուներով: «Ցանկապատ», «Ծովանը» պատմվածքների հերոսները հանուն շահի ոտնահարում են բարոյական բոլոր սկզբունքները: 
 
«Պատերազմը» ժողովածուում («Պատերազմը», «Զաքարի հարսը», «Ընթերցողները», «Ջրհորի մոտ» և այլն) Զորյանն անդրադարձել է հայկական գյուղում պատերազմի ավերիչ հետևանքներին, իսկ «Պարզ հոգիներ» (1945թ.) ժողովածուում պատկերել է ռազմադաշտից հեռու՝ թիկունքում ապրող պարզ ու համեստ մարդկանց կյանքը: Զորյանի ստեղծած կանանց կերպարները՝ Եսթերը («Զաքարի հարսը»), Նունուֆարը («Խնձորի այգին»), Փառանձեմը («Հայոց բերդը»), առանձնանում են հուզական բարդ ներաշխարհով, հոգեկան բարձր ու ազնիվ գծերով: 
 
Սոցիալական չարիքի թեման լավագույնս ներկայացված է «Խնձորի այգին» (1917թ.) վիպակում: «Ամիրյանի ընտանիքը» (1921թ.) վեպում և «Հեղկոմի նախագահը» (1926թ.), «Գրադարանի աղջիկը» (1926թ.) վիպակներում գրողն անդրադարձել է նոր ժամանակների իրականության հակասություններին:
 
1944թ. Զորյանը լույս է ընծայել «Պապ թագավոր» պատմավեպը: Նա, քննադատաբար վերանայելով պատմական անցյալը, Պապին ներկայացրել է որպես դարաշրջանի նշանավոր պետական ու քաղաքական գործչի: Այնուհետև հրատարակվել են նրա «Հայոց բերդը» (1959թ.), «Վարազդատ» (1967թ.) պատմավեպերը, որոնք «Պապ թագավորի» հետ ամբողջացրել են եռագրությունը: Այս վեպերում գրողը IV դարի քաղաքական անցքերի գեղարվեստական վերլուծությամբ հաստատել է ժողովրդի գոյատևման գլխավոր նախապայմանը՝ պետականության առկայությունը: 
 
Զորյանը գրել է պատմվածքներ  նաև պատանիների ու մանուկների համար («Խուժան Արշոն», «Չալանկը», «Մի գիշեր անտառում», «Սև Սեթոն») ու հեքիաթներ: Նրա ստեղծագործության մեջ առանձնանում է «Մի կյանքի պատմություն» (1935–39թթ.) ինքնակենսագրական վեպը, որտեղ ներկայացված է իր ապրած ժամանակաշրջանը՝ հարազատ գույներով, տրամադրություններով ու հակասություններով: 
 
Զորյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Ջրհորի մոտ» (1970թ.), «Հեղկոմի նախագահը» (1977թ.), «Խնձորի այգին» (1985թ.) գեղարվեստական կինոնկարները:
 
Զորյանը գրել է նաև հուշեր իր ժամանակակիցների՝ Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի, Վահան Տերյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի մասին («Հուշերի գիրք», 1958թ.): Թարգմանել է Լև Տոլստոյի, Իվան Տուրգենևի, Հենրիկ Սենկևիչի, Մարկ Տվենի, Ստեֆան Ցվայգի ստեղծագործություններից:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.