Encyclopedia

Մոլդովա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Քիշնև
Տարածքը՝ 33,7 հզ. կմ2
Բնակչությունը՝ 4,4 մլն
Պետական լեզուն՝ մոլդավերեն
Դրամական միավորը՝ լեյ

 

Մոլդովան պետություն է Արևելաեվրոպական հարթավայրի հարավ-արևմուտքում, որտեղ հարթավայրն ընդհուպ մոտենում է  Սև ծովին: Երկրի տարածքը հիմնականում դաշտավայրային է, սակայն զառիթափ բլուրները, հեղեղատներն ու գետերի խորը հովիտներն այնպիսի տպավորություն են ստեղծում, ասես գտնվում ես լեռնոտ տարածքում: Դա հատկապես բնորոշ է Կենտրոնամոլդովական բարձրավանդակին կամ Կոդրերին (թարգմանաբար՝ հին խիտ անտառ): Եվ իրոք, ժամանակին այդ բարձրավանդակը գրեթե ամբողջությամբ անտառածածկ էր:
Երկրի ընդերքը հարուստ է կրաքարի (տեղական հիմնական շինանյութն է), ցեմենտի հումքի, քվարցային ու շինարարական ավազի, գիպսի ու կավի պաշարներով:
 
Կլիմա
Բայց այդ երկրամասի գլխավոր հարստությունը բարեբեր մեղմ կլիման ու արգավանդ սևահողերն են (կազմում են տարածքի 80 %-ը): Այստեղ շատ են արևոտ օրերը: Ձմեռն ուշ է սկսվում, իսկ սառնամանիքները հազվադեպ են:
 
Երկրի խոշոր գետը Կարպատներից սկիզբ առնող Դնեստրն է, որին բնորոշ են գարնանային, հաճախ՝ նաև ամառային հորդացումները: Մոլդովայի տարածքում այն ավելի քան 600 կմ նավարկելի է: Դնեստրի վրա, Դուբոսարի քաղաքի մոտ, կառուցվել են ջրէկ և երկրի ամենամեծ ջրամբարը: Գետի ափերը գեղատեսիլ են ու խիտ բնակեցված, նրա երկայնքով միմյանց հաջորդում են պտղատու և խաղողի այգիների մեջ թաղված մեծ ու փոքր քաղաքներն ու գյուղերը:
Մեծությամբ երկրորդ գետը Պրուտն է՝ Դանուբի վտակը, որի ջրերը հիմնականում օգտագործվում են ոռոգման համար:
 
Պատմություն
Մոլդովան բնակեցված է հնուց ի վեր: Այդ են վկայում քարանձավային կացարաններն ու մ.թ.ա. III–II հազարամյակներին վերաբերող տիրասպոլյան մշակույթի հուշարձանները: I դարի կեսերին այս հողերը նվաճել են հռոմեացիները, իսկ Հռոմեական կայսրության անկումից հետո`   V–VI դարերում, այստեղ հայտնվել են սլավոնական ցեղեր: Սլավոնների և ռոմանացած տեղաբնիկների ձուլումից   են առաջացել մոլդովացիների նախնիներ վոլոխների ցեղերը:
XIV դարում ստեղծված Մոլդովական իշխանապետությունը XVI դարում ընկավ Օսմանյան կայսրության տիրապետության տակ: XVIII դարից սկսած`   մոլդովական հողերն աստիճանաբար անցան դեպի Բալկանյան թերակղզի առաջացող Ռուսական կայսրությանը, և XIX դարի սկզբին կազմավորվեց Բեսարաբիա ծայրագավառը: Այստեղ բնակչության թիվն սկսեց աճել, կառուցվեցին քաղաքներ, զարգացան արհեստներն ու առևտուրը:
1918 թ-ին Մոլդովայում հաստատվեց խորհրդային իշխանություն: Սակայն Ռումինիան գրավեց Բեսարաբիան, իսկ 1940 թ-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի պայմաններում, այդ տարածքը գրավեցին խորհրդային զորքերը, և այնտեղ ստեղծվեց նախ՝ ինքնավար, ապա՝ միութենական հանրապետություն: 1991 թ-ից, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Մոլդովան անկախ պետություն է: 
Մոլդովան բազմազգ երկիր է. բնակվում են մոլդովացիներ (65 %), ուկրաինացիներ (15 %), ռուսներ (10 %), գագաուզներ, բուլղարներ, հայեր և այլք:
Խոշոր քաղաքներն են Քիշնևը, Բելցին, Տիրասպոլը, Բենդերին:
Մոլդովայի տարածքում պահպանվել են միջնադարյան ամրոցներ, վանքային համալիրներ, եկեղեցիներ: Հատկապես առանձնանում է Տրիպոլյան մշակույթի (մ.թ.ա. IV-III հազարամյակներ) խեցեգործությունը: Մ.թ. VI դարից հայտնի են սլավոնական ցեղերի մշակույթի հուշարձաններ, XIII-XIV դարերում դեկորատիվ-կիրառական արվեստում նկատելի է Բյուզանդիայի  և մահմեդական Արևելքի արվեստների ազդեցությունը: 
Մոլդովայում հայտնի են մշակույթի գործիչ Դմիտրի Կանտեմիրը, գրողներ Միխայ Էմինեսկուն, Իոն Դրուցեն, երգչուհի Մարիա Բիեշուն, կինոռեժիսոր Էմիլ Լոտյանուն, կոմպոզիտոր Եվգենի Դոգան և ուրիշներ:
 
Գյուղատնտեսություն
Երկրի զարգացած գյուղատնտեսությունը կանխորոշել է նրա արդյունաբերության հիմնական ուղղվածությունը. առաջատար է սննդարդյունաբերությունը, որն ընդգրկում է գինեգործական, շաքարի, ծխախոտի, պահածոների, ալրաղաց, մսի ու կաթնեղենի արտադրության և այլ ճյուղեր: Դրանց շարքում ամենահինը, իհարկե, գինեգործությունն է, որի արտադրանքը հայտնի է շատ երկրներում: Զարգացած են նաև մեքենաշինությունն ու էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը:
Մոլդովան կոչում են «այգի հանրապետություն»: Այգեգործությունը և խաղողագործությունը երկրագործության մյուս ճյուղերի հետ միասին տալիս են Մոլդովայի գյուղատնտեսության համախառն արտադրանքի 70 %-ը:
Մոլդովայի ընդարձակ հարթավայրերում ցորենի, եգիպտացորենի, արևածաղկի, շաքարի ճակնդեղի դաշտերին հաջորդում են բանջարանոցները. մշակում են լոլիկ, ձմերուկ, սեխ, սմբուկ, վարունգ և այլն:
 
Կոդրերի լանջին՝ Դնեստրի վտակ Բիկի հովտում է գտնվում մայրաքաղաք Քիշնևը, որը կանաչապատ, ուղիղ փողոցներով ու սպիտակ բազմահարկ շենքերով գեղեցիկ քաղաք է: Այստեղ են գտնվում Մոլդովայի բուհերի մեծ մասը, գիտությունների ակադեմիան, թատրոններ ու թանգարաններ:
 
Մոլդովայի տարածքում է Գագաուզիայի ինքնավար տարածքային կազմավորումը: 2005թ-ին Մոլդովայի խորհրդարանն ընդունեց օրենք Մերձդնեստրովիեի իրավական կարգավիճակի վերաբերյալ, ըստ որի՝ Մերձդնեստրովիեն ինքնավար տարածաշրջան է Մոլդովայի կազմում: Սակայն Մերձդնեստրովիեի ժողովուրդն ու իշխանությունները հրաժարվեցին ինքնակառավարումից՝ հօգուտ անկախության, և ցայսօր այդ խնդիրը մնում է չլուծված:
Մի ժամանակ Մոլդովան անվանում էին «բոլոր դժբախտությունների ճանապարհին ընկած երկիր», և տխուր էին հնչում մոլդովական ժողովրդի երգերը՝ դոյնաները, բայց ներկայումս պատկերը բոլորովին այլ է: 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.