Encyclopedia

Մեդեա

Մեդեան (հունարեն՝ Μήδεια) հունական առասպելների մեծագույն կախարդուհին է, Յասոնի, հետագայում Էգևսի կինը։

Որոշ առասպելներ Մեդեաին կապում են Թեսևսի մասին պատումների շարքի հետ։ Այետես թագավորի դուստրը, Հելիոսի թոռնուհին։ Մեդեաի մասին առասպելը կապված է արգոնավորդների արշավանքի մասին զրույցի հետ։ Մեդեան սիրահարվում է արգոնավորդների առաջնորդ Յասոնին և օգնում նրան ձեռք բերել ոսկե գեղմը։ Դրանից հետո նա Յասոնի հետ փախչում է Կոլիխիդայից։ Արգոնավորդներին հետապնդող Այետեսին ետ պահելու համար Մեդեան սպանում է իր եղբայր Ասպիրտոսին և նրա դիակը կտրատելով , նետում է ծով, համոզված, որ Այետեսը կդադարեցնի իր հետապնդումը, որպեսզի հավաքի որդու մարմինը, այն թաղելու համար։ Արգոնավորդների վերադարձից հետո Մեդեան նրանց մի շարք ծառայություններ է մատուցում՝ Կրետեում ոչնչոցնելով հսկա Տալոսին։ Իոլկոս քաղաքում Մեդեան համոզում է Յասոնի թշնամի Պելիասի աղջիկներին, որպեսզի իրենց հորն իբր երիտասարդացնելու համար կտրատեն և եփեն կաթսայում։ Երբ պարզվեց, որ ծերունին մահացել է Մեդեան և Յասոնը վտարվեցին Իոլկոսից և բնակվեցին Կորնթոսում։ Այստեղ Մեդեան Յասոնից ծնում է երկու որդի՝ Մերմերոսին և Փերետոսին։ Յասոնը որոշում է ամուսնանալ Կորնթոսի թագավոր Կրեոնի դստեր՝ Գլավկեի (Կրեուսայի) հետ։ Մեդեան նորապսակ կնոջ համար ուղարկում է կախարդական զգեստ, որը հագնելով Գլավկեն ողջ–ողջ այրվում է։ Որպեսի Յասոնը ոչ մի կերպ չկարողանա իր վիշտն ամոքել, Մեդեան սպանում է իր իսկ որդիներին և Հելիոսի իրեն նվիրած թևավոր վիշապներ լծած կառքի վրա թռչում է Կորնթոսից։ Փախչելով Կորնթոսից Մեդեան հաստատվում է Աթենքում, որտեղ դառնում է Էգևսի կինը։ Հետագայում երբ Մեդեան փորձել է թունավորել իր ամուսնու՝ Թեսևսի ժառանգին նրան վտարել են Աթենքից։ Նրա հետագա ճակատագրի մասին առասպելը պատմում է, թե նա վերադարձել է Կոլխիդա, որտեղ օգնել է իր հորը՝ Այետեսին վերանվաճելու իր կորցրած թագավորությունը։ Այն, որ Մեդեան եղել է արևի աստված Հելիոսի թոռնուհին, որ նրան վերագրվել է մեռյալներին կենդանացնելու աստվածային ուժ, որ նա թռել է վիշապները լծած կառքով, վկայում է թե Մեդան մի ժամանակ եղել է աստվածություն, որը հետագայում կորցրել է իր նշանակությունը որպես աստվածուհի։

Մեդեաի մասին առասպելը հունական գրականության մեջ մշակել է Եվրիպիդեսը, հռոմեական գրականության մեջ՝ Սենեկան նույնանուն ողբերգություններում։ նոր ժամանակի գրականության մեջ այս առասպելը արտացոլվել է Կոռնեյլի և Գրիլպարցերի ողբերգություններում, ինչպես նաև դարձել է մի շարք օպերաների, բալետների և գեղանկարչական գործերի թեմա։

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.