Encyclopedia

Մադագասկար

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Անտանանարիվու
Տարածքը՝ 587 հզ. կմ2
Բնակչությունը՝ 19,1 մլն
Պետական լեզուները՝ մալգաշերեն, ֆրանսերեն
Դրամական միավորը՝ արիարի

 

Մադագասկար պետությունը գտնվում է Հնդկական օվկիանոսի արևմտյան մասում`   Մադագասկար կղզու և հարակից կղզիների վրա: Այն Աֆրիկա մայրցամաքից բաժանվում է Մոզամբիկի նեղուցով: Կղզու մեծ՝ արևելյան մասը լեռնային է, առավելագույն բարձրությունը՝ 2876մ (Մարուտանանա լեռ), իսկ արևմտյան ափերին տարածվում են դաշտավայրերը:
 
Կլիման հյուսիսում մերձհասարակածային է, հարավում՝ արևադարձային: Գետերը ջրառատ են, սահանքավոր: Կղզու արևելյան խոնավ շրջաններում տարածված են մշտադալար անտառները, արևմուտքում՝ սավաննաները և չոր տափաստանները:
 
Մայրցամաքից վաղ մեկուսացման պատճառով կղզում շատ են բուսական (էբենոս, սանդալենի) և կենդանական (լեմուրներ, միջատակեր տենրեկներ)  բնաշխարհիկները: Աֆրիկա մայրցամաքին բնորոշ շատ կենդանիներ Մադագասկարում չեն հանդիպում: 
 
Կղզու առաջին բնակիչները եղել են ինդոնեզացիները, պոլինեզացիները, ավելի ուշ՝ բանտու ցեղերը և արաբները: 
XIV դարում Մադագասկարի կենտրոնում կազմավորվել է Իմերինա պետությունը, XVI–XVII դարերում՝ ևս մի շարք փոքր պետություններ, որոնք XIX դարում միավորվել են կենտրոնացած պետության՝ Մալգաշական թագավորության մեջ: Դեռևս XVI դարից կղզում տիրապետություն հաստատելու համար պայքարել են պորտուգալացիները, անգլիացիները, ֆրանսիացիները: 1883թ-ից կղզին եղել է ֆրանսիական գաղութ: Անկախություն է ձեռք բերել 1960 թ-ին:
Ներկայումս բնակչության 99 %-ը մալգաշներ են: 
Խոշոր քաղաքներն են Անտանանարիվուն, Ֆիանարանցուան, Տուամասինան, Անցիրաբեն:
 
Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են բրինձ, բամբակենի, սրճենի, մանիոկ, սորգո, բատատ, համեմունքային բույսեր և այլն: Անասնապահությունը թույլ է զարգացած: Կան պահածոների, շաքարի, ծխախոտի արտադրության ձեռնարկություններ: Զբաղվում են նաև ձկնորսությամբ:
Զարգացած են փայտե, հյուսածո իրերի պատրաստումը, ջուլհակությունը:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.