Encyclopedia

Ճապոնիա

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Տոկիո
Տարածքը՝ 377,7 հզ. կմ2
Բնակչությունը՝ 128,2 մլն
Պետական լեզուն՝ ճապոներեն
Դրամական միավորը՝ իեն

 

Ընդհանուր տեղեկություններ
Ճապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն երկրներից է։ Մյուսներից զգալիորեն տարբերվում է իր աշխարհագրական դիրքով, պատմական անցյալով, լեզվով, տնտեսական զարգացմամբ և բնութագրական այլ գծերով։ Ճապոնացիներն իրենց երկիրն անվանել են Նիհոն կամ Նիպոն։ Չինաստանի հյուսիսում այդ երկիրն անվանել են ժի բեն գո, իսկ հարավում՝ Յա պոն գո հիերոգլիֆներով։ Հենց այս վերջին ձևն էլ, որոշ փոփոխությամբ, տարածվել և ընդունվել է աշխարհի պետությունների, այդ թվում նաև՝ Հայաստանի Հանրապետության կողմից։ Այսպիսով՝ Ճապոնիա բառն ունի չինարեն ծագում և նշանակում է «Ծագող արեգակի երկիր», ինչը խորհրդանշված է երկրի դրոշի վրա։
Ճապոնիան ծովային պետություն է, որի մեծ մասը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ փոքր մասն էլ՝ Ռյուկյու, Օվկիանիա և այլ կղզեխմբերի վրա։ Ճապոնիան դեռևս տարածքային չլուծված խնդիրներ ունի հարևան պետությունների հետ և, մասնավորապես՝ Ռուսաստանից պահանջում է 1945 թվականին ԽՍՀՄ գրաված 4 կղզիները՝ Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Համոբայը։ Ճապոնիան գտնվում է խաղաղօվկիանոսյան գեոսինկլինային գոտում այսպես կոչված հրե օղակում, դրանով էլ պայմանավորված է երկրաշարժերի հաճախականությունը։
Ճապոնիան տարածքով գերազանցում է եվրոպական տերություններից շատերին։ Հյուսիսից հարավ գրեթե 3500 կմ ձգվածության պատճառով երկրի կլիմայական պայմանները բազմազան են։
 
Մայրաքաղաքը
Տոկիոն Ճապոնիայի ու համանուն պրեֆեկտուրայի մայրաքաղաքն է, աշխարհի առավել խոշոր և արագ աճող քաղաքներից։ Հիմնադրվել է 12-րդ դարի կեսին։
Տոկիոն գտնվում է Հոնսյու կղզու հարավ-արևելքում Էդոգավա, Արագավա, Սումիդա, Տամա գետերի գետաբերանում՝ Խաղաղ օվկիանոսի Տոկիոյի ծոցի ափին, Կանտո հարթավայրում: Կլիման մերձարևադարձային, մուսոնային է: Հունվարի միջին ջերմաստիճանը 3,1 օC է, օգոստոսինը՝ 25,6 օC, տարեկան տեղումների միջին քանակը՝ 1343 մմ: Հաճախակի են թայֆուններն ու երկրաշարժերը. վերջինը (1923 թ.)՝ 8,3 բալլ ուժգնությամբ, խլել է 142 հզ. մարդու կյանք:
Մեծ Տոկիոն (Տոկիո-տո) Ճապոնիայի վարչական պրեֆեկտուրաներից է՝ Տոկիոյի մայրաքաղաքային պրեֆեկտուրան, և բացի Հոնսյու կղզու հարավարևելյան մասից՝ կազմված է 23 վարչական շրջաններից, 26 առանձին քաղաքներից, 7 ավանային համայնքներից, 8 գյուղից, Իձու և Օգասավարա կղզիներից: Մայրաքաղաքը ղեկավարում է համաժողովրդական քվեարկությամբ ընտրված պրեֆեկտային խորհուրդը՝ նահանգապետի գլխավորությամբ: Տոկիոյում են երկրի կառավարությունը և կայսրի պալատական համալիրը՝ ճապոնական կայսրերի գլխավոր նստավայրը:
Տոկիոն հիմնադրվել է 12-րդ դարում, երբ զինվոր Էդո Տարո Սիգեդան այնտեղ կառուցել է ամրոց (էդո՝ բառացի նշանակում է ծովափ): 1457 թ-ին այդ վայրում կառուցվել է Էդո սամուրայական դղյակը, որի շուրջ տարածվել են արհեստավորների և առևտրականների բնակավայրեր: 1590 թ-ին ամրոցին տիրել է ավատ և պետական գործիչ Հեյասու Տոկուգավան, իսկ 1603–1867 թթ-ին Էդոն եղել է Տոկուգավա տան սյոգունների (զինվորական առաջնորդներ, ավատատիրական խոշոր տների ներկայացուցիչներ) նստավայրը (մինչև 1868 թ. Ճապոնիայի պաշտոնական մայրաքաղաքը Կիոտոն էր՝ կայսրերի նստավայրը): 1720 թ-ին Էդոյի բնակչությունը 1 մլն էր (աշխարհի ամենախոշոր քաղաքն էր): 1869 թ-ին՝ սյոգունության վերացումից հետո, կայսրի նստավայրը տեղափոխվել է Էդո, որը 1896 թ-ին վերանվանվել է Տոկիո (Արևելյան մայրաքաղաք) և դարձել մայրաքաղաք:
Տոկիոն Ճապոնիայի գլխավոր ֆինանսական և արդյունաբերական կենտրոնն է, աշխարհի 3 ֆինանսական կենտրոններից (Նյու Յորքի ու Լոնդոնի հետ): Տոկիոյում են կենտրոնացված ապրանքային և ֆինանսական սակարանները, խոշորագույն ֆինանսաարդյունաբերական խմբերը (Միցուբիշի, Սումիտոմո, Միցուի և այլն), բանկերը (Ճապոնական, Զարգացման, Արտահանման-ներմուծման և այլն):
Զարգացած են առավելապես գիտատար և բարձր տեխնոլոգիական, էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային և օպտիկամեխանիկական արտադրությունները, մեքենաշինությունը, սարքաշինությունը, ավտոմեքենաշինությունը, նավաշինությունը, նավթամշակման, նավթաքիմիական, քիմիական, տպագրական, թեթև, տեքստիլ, սննդի և այլ արդյունաբերություններ:
Տոկիոն Ճապոնիայի հիմնական տրանսպորտային հանգույցն է. քաղաքում գործում են Հանեդա և Նարետա միջազգային օդանավակայանները, մետրոպոլիտենը: Տոկիոն բազմաթիվ ճեպընթաց ավտոմայրուղիներով ու երկաթուղիներով կապված է երկրի այլ քաղաքներին: Երկրի արտաքին առևտրի շրջանառության կեսից ավելին կատարվում է քաղաքամերձ Յոկոհամա, Կավասակի, Յոկոսովա, Տիբա նավահանգիստներով:
Ճապոնիայի մշակութային կարևորագույն կենտրոններից մայրաքաղաքում են գիտությունների և արվեստների ակադեմիաները, Տոկիոյի համալսարանը (հիմնադրվել է 1887 թ-ին), բազմաթիվ բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, լաբորատորիաներ և կենտրոններ, գրադարաններ, թատրոններ, ավելի քան 30 թանգարան (Տեների պատկերասրահը, Բրիջսթոն գեղարվեստի, Ժամանակակից արվեստի ազգային, Տոկիոյի ազգային, արվեստների, գեղագրության թանգարանները, «Մետրոպոլիտեն ֆեստիվալ հոլը» և այլն), համերգասրահներ և թատրոններ: Տոկիոյում սակավ են կանաչապատ տարածքները, իսկ կենտրոնը կառուցապատված է քարե, աղյուսե շենքերով ու երկաթբետոնե երկնաքերներով: Քաղաքը բաղկացած է 2 խոշոր մասերից՝ Յամանոտի (բլրային) և Սուտամատի (ցածրադիր): Բնակելի թաղամասերը կառուցվել են 2 անգամ. 1923 թ-ի սեպտեմբերի 1-ին քաղաքի գրեթե կեսը ավերվել է երկրաշարժից, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ) ժամանակ բազմիցս ենթարկվել է (1944–45 թթ) ամերիկյան ավիացիայի ռմբակոծություններին:
Տոկիոյի պատմական կենտրոնը Նիհոմբասի շրջանն է, որտեղ պահպանվել են կայսերական պալատի համալիրը (մոտ 1600 թ., վերականգնվել է XIX դարի վերջին – XX դարի սկզբին), Ռիկոշեն լանդշաֆտային զբոսայգին (XVII դարի վերջ – XVIII դարի սկիզբ), սինթոիստական Տոսյեգու (ժամանակակից տեսքն ստացել է XVII դարում) և Մեյգի (XIX դարի վերջ), բուդդայական Կաննոն (հիմնադրվել է XVII դարում, վերականգնվել՝ XX դարում) տաճարները և ճարտարապետական այլ հուշարձաններ:
XX դարի լավագույն կառույցներից են Խորհրդարանի շենքը (1915–36 թթ), «Մետրոպոլիտեն ֆեստիվալ հոլլը» (1960– 1961 թթ), Օլիմպիական մարզահամալիրը (1963–64 թթ), Սուրբ Մարիամի տաճարը (1964 թ) և այլն:
Տոկիոյում են անցկացվել 18-րդ օլիմպիական խաղերը (1964 թ): Տոկիոյում ապրում է 50–60 հայ, գործում է հայագիտական կենտրոն, տարեկան 7–8 անգամ լույս է տեսնում «Արարատ» թերթիկը՝ հայերի և Հայաստանով հետաքրքրվող ճապոնացիների համար:
 
Պատմությունը
Ճապոնիայի պատմությունը սկիզբ է առնում դեռևս մ.թ.ա. 11000—300 թթ։ Այդ մասին վկայում են տեղի հին հուշակոթողները։
1603 թվականին Սյոգունատա Տոկուգավայի կողմից սկիզբ է դրվում Ճապոնիայի աշխարհից մեկուսացմանը, սկսված եվրոպացիների առևտրական և մշակությաին շփումների համար։ XVII—XIX դարերի ընթացքում Ճապոնիան ապրում է կայունացման և մշակութային զգալի աճ:
ԱՄՆ հետ պայմանագրի ստորագրումից հետ, 1854 թվականին բացելով իր ծովային սահմանները, Ճապոնիայում կարգավորվում են սոցիալ-տնտեսական զարգացումները։ 1860-ական թվականներից հետո սկսված Ճապոնիան արևմուտքի օգնությամբ կարողանում է կառուցել հզոր բանակ, որի հաշվին օկուպացնում է Թայվանն ու Կորեան: 1930-ական թվականների Ճապոնիան Չինաստանի հյուսիս-արևելյան օկուպացված մասում կառուցում է ծովային պետություն Ման-Չժոու-գոն։ 2-րդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ Ճապոնիան գրավում է Ասիայի մի անբողջ հատված, ընդհուպ մինչև Ինդոնեզիա, 1944 թվականին չհաջողված փորձ կատարելով, մտնել Հնդկաստան: 1945 թվականին ատոմային ռմբակոծություններից հետո, սեպտեմբերի 2-ին ստորագրվում է պայմանագիր, համաձայն որի Ճապոնիային արգելվում է Զինված ուժեր ունենալ, իսկ Սախալինի հարավը և Կուրիլական կղզիները անցնում են ԽՍՀՄ տիրպետության տակ:
1945 թվականից հետո ԱՄՆ և Եվրոպայի աջակցությամբ Ճապոնիայի տնտեսությունը կտրուկ աճ է ունենում (Ճապոնական տնտեսական հրաշքը):
1970 թվականից սկսած Ճապոնիայի տնտեսությունը 2-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում, զիջելով Միացյալ Նահանգներին: Ճապոնիան համարվում է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը:
2005—2007 թվականներին Ճապոնիան ՄԱԿ անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է:
Ճապոնիան պետություն է Ասիայի խաղաղօվկիանոսյան ափերից դեպի արևելք ընկած կղզեխմբի վրա՝ աշխարհի այն կողմում, որտեղից ծագում է արևը: Հնուց ի վեր ճապոնացիներն իրենց երկիրն անվանում են Նիպպոն կամ Նիհոն, որը կազմված է 2 հիերոգլիֆային նշաններից՝ «արև» և «հիմք»։ Ճապոնական դրոշի կարմիր արևային շրջանակը և պետական զինանշանի կլոր ոսկեծաղիկը՝ քրիզանթեմը, նույնպես խորհդանշում են ծագող արևը։
Ճապոնական կղզիների աղեղը տարածվում է հյուսիսից հարավ՝ ավելի քան 3,5 հզ. կմ երկարությամբ, զբաղեցնում է 4 խոշոր՝ Հոկայդո, Հոնսյու, Սիկոկու, Կյուսյու և գրեթե 4 հազար մանր կղզիներ։ Ճապոնական կղզիների ողջ տարածքի գրեթե 3/4-ը զբաղեցնում են խիտ անտառներով ծածկված բարձրաբերձ երիտասարդ լեռները, որտեղ դեռ շարունակվել է լեռնակազմությունը: Ամենաբարձր Ֆուձիյամա գործող հրաբուխն է, որը ճապոնացիների սրբազան լեռն է և նրա բարձրությունը կազմում է 3776 մ: Ի դեպ`   Ֆուձիյաման արտաքին գծագրությամբ շատ նման է Մասիսին: Յուրաքանչյուր ճապոնացի իր պարտքն է համարում տանն ունենալ Ֆուձիի նկարը: Ճապոնիայում այսօր էլ շատ են գործող հրաբուխները և հաճախակի են ուժեղ ու նույնիսկ կործանարար երկրաշարժերը: Առանձնապես մեծ ավերածություններ և մարդկային զոհեր են պատճառել 1903, 1923, 1994-թթ-ի երկրաշարժերը:
Ոչ մեծ դաշտավայրեր գտնվում են ափամերձ շրջաններում: Ամենաընդարձակը Կոնտոյի դաշտավայրն է, որտեղ գտնվում է երկրի մայրաքաղաք Տոկիոն: Ընդերքում կան օգտակար հանածոներ, սակայն դրանց պաշարները մեծ չեն: Երկիրը համեմատաբար հարուստ է քարածխով, պղնձով, կան տիտանի, մանգանի, երկաթի, ուրանի, ծծմբի պաշարներ:
Ճապոնական կղզիների մեծ ձգվածությունն անդրադառնում է կլիմայի վրա: Այն գերազանցապես մուսսոնային է, հաճախակի են արևադարձային փոթորիկները`   թայֆունները, որոնք զգալի վնաս են պատճառում տնտեսությանը:
Գետերը հորդառատ են, հարուստ`   սահանքներով ու ջրվեժներով: Խոշոր գետերն են`   Սինանոն, Տոնեն, Քիսոն, Իսիկարին, լճերից`   Բիվան:
Երկրի տարածքի 2/3-ը անտառածածկ է: Աճում են եղևնի, սոճի, նվենի, դափնի, ճապոնական նոճի: Անտառների պահպանումը, բնական և արհեստական զբոսայգիների ստեղծումը, լանդշաֆտների բարելավումը ճապոնացիների կենցաղի անբաժանելի մասն են: Երկրի տարածքի 13 տոկոսը հայտարարված է արգելոցային տարածք`   Բանդայ, Ասահի, Նիկո, Տիբու, Սանգակու, Կրիսմա: Մեծ ժողովրդականություն է վայելում Հոնսյու կղզու Նիկո ազգային պարկը, որտեղ գտնվում է սրբազան Ֆուձիյաման: Կա նույնիսկ այսպիսի ասածվածք. «Ով չի եղել Նիկոյում, նա չի կարող խոսել գեղեցիկի մասին»:
Ճապոնիան Ասիայի միակ երկիրն է, որը միջնադարում չի ենթարկվել ավերիչ ներխուժումների, իսկ հետագայում էլ խուսափել է գաղութային կախվածությունից: Ճապոնիայի տարածքում մ.թ.ա. 7500 թ-ից ձևավորվել են նոր քարեդարյան ձյոմոն, ավելի ուշ`   էյայոյի մշակույթները: Մ.թ. 3-րդ դարում կազմավորվել է Յամատո ցեղային միությունը, որի հիման վրա էլ ձևավորվել է Ճապոնական պետականությունը: Այն արդեն 710 թ-ին ուներ իր մշտական մայրաքաղաքը`   Նարան:
1192 թվականից Ճապոնիան ղեկավարում էին սյոգունները, որոնց աջակցում էին ազնվական կալվածատերերը`   իրենց ռազմիկներով`   սամուրայներով: 16-րդ դարում Ճապոնիայում երևացին եվրոպացիները, որոնք, առևտրին զուգահեռ, տարածում էին քրիստոնեությունը: Սամուրայները, ի դեմս օտարերկրացիներ տեսնելով լուրջ սպառնալիք, 1637 թվականից արգելեցին նրանց մուտքը Ճապոնիա, երկիրը մեկուսացավ արտաքին աշխարհից: 1854 թ-ին զենքի գործադրման սպառնալիքով ԱՄՆ-ը հասավ նրան, որ որոշ նավահանգիստներ բացվեցին օտարերկրացիների համար: 1868 թ-ին տապալվեց սյոգունների կառավարությունը, և իշխանության գլուխ անցավ Մուցուհիտո կայսրը:
1894-95 թթ.-ին ճապոնիան պատերազմ մղեց Չինաստանի, 1904-05 թթ.-ին`  Ռուսաստանի դեմ: 1910 թ-ին Ճապոնիան բռնակցեց Կորեան`   այն հայտարարելով իր գաղութը, իսկ 2-րդ համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո հարձակվեց ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային պատկանող խաղաղօվկիանոսյան ռազմական հենակետրի վրա: Երբ խորհրդային զորքերը ջախջախեցին Կվանտունյան բանակը, իսկ ԱՄՆ-ը 1945 թ-ին ատոմային ռուբեր նետեց Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա, Ճապոնիան 1945 թ-ին սեպտեմբերի 2-ին ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի ակտը:
Չափազանց բարդ ու հետաքրքրական է ճապոնական գիրը: Նրա հիմքում ընկած է 6-րդից 8-րդ դարերում չինացիներց փոխառված և ճապոներենի առանձնահատկություններին հարմարեցված հիերոգլիֆները: Թերթ կարդալու համար, օրինակ, անհրաժեշտ է իմանալ մոտ 2 հզ. նշան, իսկ դրանց ընդհանուր թիվը 10 հզ-ից ավելի է: Իհարկե, դժվար է դրանք բոլորը հիշելը, և Ճապոնացիները գրքերում այս կամ այն նշանին հանդիպելիս հաճախ դիմում են բառարանի օգնությանը:
Միաժամանկան Ճապոնիայում գոյություն ունի վանկակազմիչ այբուբեն: Տեքստերի բառերի մեծ մասի արմատները գրվում են հիերոգլիֆներով, իսկ քերականական վերջավորությունները`   վանկակազմիչ այբուբենով: Տեքստերը կարդացվում են վերևից ներքև և աջից ձախ: Եվ չնայած նշված բարդություններին`   Ճապոնիան համատարած գրագիտության երկիր է: 6 տարեկանից երեխաները հաճախում է դպրոց, իսկ 10-ամյա կրթությունը պարտադիր է: Բարձագույն ուսումնական հաստատություններում ուսումը վճարովի է, բայց կան նաև անվճար պետական համալսարաններ, որտեղ ընդունվելու համար պետք է հաղթահարել մրցակցային մեծ դժվարություններ:
Բնակչության 99 տոկոսը ճապոնացիներ են. նրանք հազվադեպ են հեռանում իրենց հայրենիքից, այդ պատճառով էլ արտասահմանում ապրում է ճապոնացիների ընդամենը 1 տոկոսը: Ճապոնացիները դավանում են միաժամանակ 2 կրոններ`   սինթոիզմ և բուդդայականություն: Սինթոիզմին են հետևում հիմական կրոնակենցաղային ծեսերի, բուդդայականությանը`   հոգեհանգստի, թաղման ծիսակատարությունների ժամանակ:
Խոշոր քաղաքներում տասնյակ կմ-ով ձգվում են ծովից նվաճված հողերի վրա կառուցված նավամատույցների, պահեստների, գործարանների ու ֆաբրիկաների շարքերը: Տոկիոն մայրաքաղաք է դարձել 1869 թ-ին և ստացել իր ներկայիս անվանումը, որը նշանակում է արևելյան մայրաքաղաք: Այն աշխարհի ամենագերբնակեցված քաղաքներից է և աչքի է ընկնում քաոսային կառույցներով: Քաղաքին բնորոշ են երկնաքերները, ստորգետնյա բազմահարկ կառույցները և շենքերից բարձր, կամրջաձև ավտոմոբիլային ճեպընթաց մայրուղիները: Բազմամիլիոն բնակչոևթյուն ունեն Տոկիո, Յոկիոհամա, Օսակա, Նագոյա, Սապպորո, Կոբե, Կիոտո, Ֆուկուոկա, Կավասակի, Սայտամա և այլ քաղաքներ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճապոնական արդյունաբերությունը, շնորհիվ ամերիկյան և արևմտաեվրոպական կապիտալ ներդրումների, բուռն վերելք ապրեց: Այսօր Ճապոնիան աշխարհի երկրորդ խոշոր արդյունաբերական տերությունն է ԱՄՆ-ից հետո, իսկ ճյուղերում նույնիսկ առաջէ անցել նրանց: Մեծ համբավ ունեն ճապոնական նավերը, հատկապես`   գերհզոր լցանավերը, էլեկտրոնիկան, ավտոմեքենաները, արհեստական գործվածքներն ու մետաքսը, ճենապակե իրերը, խաղալիքները: Զարգացած է էլեկտրոնային և ռադիոտեխնիկական մեքենածինությունը: Ճապոնիային է պատկանում տեսաձայնագրիչների ու տեսախցիկների, հեռուստացույցների համաշխարհային արտադրության մեծ մասը, էլեկտրոնային հաշվիչ մեքենաների 1/10-ը: Ավտոմեքենաշինությունը կենտրոնացած է «Տոյոտա Ձիդոսյա», «Նիսան Ձիդոսյա», «Միցուբիսի», «Հոնդա», մենատիրությունների ձեռքերում:
Ճապենական դաշտերի գլխավոր մշակաբույսը բրինձն է, որը լիովին բավարարում է երկրին: Ճապոնիայում մշակում են ցորեն, գարի, սոյա, շաքար և այլ սննդամթերքներ, որոնց զգալի մասն արտահանվում է:
Ճապոնիան հին ու զարգացած մշակույթի երկիր է. ուշագրավ են հին և ժամանակակից վարպետների արվեստը, բնապատկերային գեղանկարչությունը, ճենապակու արվեստը, ճարտարապետությունը, թատրոնը, տիկնիկային թատրոնը: Հայտնի է հատկապես Կաբուկի թատրոնը, որն սկիզբ է առել թափառաշրջիկ երգիչների ու պարողների կատարումնեևից և մինչև օրս էլ ժողովրդական է: Ճապոնացիները հայտնի են ծաղկեփնջեր կազմելու և գաճաճ ծառեր մշակելու յուրահատուկ արվեստով: Համաշխարհային ճանաչում են գտել ճապոնական ձյուդո, կարատե, սումո մարզաձևերը:
Ճապոնիան հայտնի է իր հրաշալի ճարտարապետական ու պատմական հուշարձաններով`  Բուդդայի հսկայական արձաններով ու տաճարներով, մեհյաններով, գեղատեսիլ լանդշաֆտային զբոսայգիներով և թագավորական դղյակներով: Ճապոնական հուշարձանների մեջ առանձնահատուկ տեղ ունի Հիրոսիմայի`  ատոմայինն ռմբակոծության զոհերի հուշահամալիրը, որն ամեն տարի օգոստոսի 6-ին իր զանգերի տխուր ղողանջով ամբողջ աշխարհին հիշեցնում է 1945 թ-ի այդ մեծ ողբերգության մասին:
Ճապոնացիների տնային կենցաղը շատ բանով տարբերվում է եվրոպականից: Օրինակ`   ճապոնական տներում կահույք գրեթե չկա: Հատակին փռված են բրնձի ծղոտից գործված խսիրներ: Տուն մտնելիս կոշիկները հանում են ու թողնում դռան շեմին, իսկ ներսում խսիրների վրա քայլում են գուլպաներով: Ճաշում են հատակին նստած, հատակին էլ անկողին են գցում:
Թեպետ ճապոնական քաղաքներում շատ են եվրոպական խոհանոց ունեցող ճաշարաններն ու ռեստորանները, ճապոնացիները հիմնականում սնվում են իրենց ավանդական կերակրով`   անալի եփած բրնձով, որն ուտում են թասիկներից`   ձողիկներով: Օգտագործում են նաև աղ դրած բանջարեղեն ու ձկնեղեն, ծովամթերք: Ի դեպ`   ձկան որսով Ճապոնիան աշխարհում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը: Հանրահայտ են գրողներ Կավաբատա Յասունարին, Կոբա Աբեն, Նոմա Հիրոսին, կինոռեժիսոր Կուրոսավա Ակիրան, կոմպոզիտոր Ջո Հիսիասին, գեղանկարիչ-դիզայներ Եսիտակա Ամանոն, ճարտարապետ Կիսե Կուրոկավան, գրաֆիկ Հիրոսիկի Անդոն, ֆիզիկոսներ Կասիբա Մասատակին, Յուկավա Հիդեկին, արդյունաբերողներ Հոնդա Սոչիրոն, Մորիտա Ակյոն, Մորի Մինորին և ուիշներ:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.