Encyclopedia

Գվատեմալա

Գվատեմալան (իսպ.՝ Guatemala), կամ Գվատեմալայի Հանրապետությունը (իսպ.՝ República de Guatemala) պետություն է Կենտրոնական Ամերիկայում:

 

Գվատեմալան պետություն է Կենտրոնական Ամերիկայում: Արևելքից ողողվում է Կարիբյան ծովի, հարավից և հարավ-արևմուտքից՝ Խաղաղ օվկիանոսի ջրերով: Տարածքի մեծ մասը 1000–3000 մ բարձրության բարձրավանդակ է՝ Տախումուլկո (4217 մ) հանգած և Ակատենանգո (3975 մ) գործող հրաբուխներով: Դաշտավայրերը գտնվում են ափամերձ գոտում: Հաճախակի են երկրաշարժերը: Կան բազմամետաղների, քրոմի, մանգանի, ոսկու, արծաթի, նավթի պաշարներ:
 
Կլիման մերձհասարակածային է: Հաճախակի են փոթորիկները, որոնք մեծ վնասներ են հասցնում երկրի տնտեսությանը: Տարածքի 60 %-ը զբաղեցնում են մշտադալար անտառները:
Գվատեմալան անցյալում բնակեցված է եղել հնդկացիական ցեղերով: 1523 թ-ից իսպանացիները գաղութացրել են երկիրը: Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում Գվատեմալան անկախություն է ձեռք բերել (1821 թ.):
 
Ներկայումս բնակչության 60 %-ը հնդկացիների և իսպանացիների խառնածիններ են, 40 %-ը՝ հնդկացիներ: 
Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են սուրճ, բամբակենի, ծխախոտ, շաքարեղեգ, ադամաթուզ, եթերայուղատու բույսեր: Զբաղվում են անասնապահությամբ, ափամերձ գոտում՝ ձկնորսությամբ: Կան նավթավերամշակման, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.