Encyclopedia

Ավստրալիա

Ավստրալիա (Ավստրալական Միություն)
Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Կանբեռա
Տարածքը՝ 7.682,3 հզ. կմ2
Բնակչությունը՝ 20,4 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ավստրալական դոլար

Ավստրալիա և Օվկիանիա միասին կազմում են ամենափոքր աշխարհամասը: Ողողվում են Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ջրերով: Օվկիանիան աշխարհագրական, հաճախ համարվում է գեոպոլիտական երկրամաս, ուրը կազմված է հարյուրավոր կղզիներից և ատոլներից Խաղաղ օվկիանոսի արևմտյան և կենտրոնային մասերում:

Օվկիանիա եզրն ունի 2 իմաստ: Ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից այն խաղաղ օվկիանոսի մաս է՝ բազմահազար կղզիների ամբողջությունը: Օվկիանայի տարածաշրջանի կազմում են Ավստրալիայի մայրցամաքը՝ հարակից Թասմանիա և այլ փոքր կղզիներ: Օվկիանիայի փոքր կղզիների տաք և խոնավ կլիման բարենպաստ է արևադարձային երմասեր բույսերի մշակման համար:
 
Ավստրալիա (անգլերեն՝ Australia), պաշտոնապես Ավստրալիայի միություն (անգլերեն՝ Commonwealth of Australia), երկիր, որ ներառում է Ավստրալիական մայրցամաքի գլխավոր կղզին, Թասմանիան և բազմաթիվ մանր կղզիներ։ Այն աշխարհի վեցերորդ երկիրն է իր զբաղեցրած տարածքով։ Հարևան երկրներն են հյուսիսից՝ Ինդոնեզիան, Արևելյան Թիմորը և Պապուա Նոր Գվինեան; հյուսիս արևելքից՝ Սողոմոնյան կղզիները, Վանուատուն և Նոր Կալեդոնիան և հարավ արևելքից՝ Նոր Զելանդիան։
 
Դեռևս հին դարերում գիտնականները ենթադրում էին Հարավային կիսագնդումխոշոր մայրցամաքի գոյությունը: XVII դարում հոլանդացիներին արդեն հայտնի էին մայրցամաքի հյուսիսային և արևմտյան ծովափերը: Հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը, 1642–43 թթ-ին, նավարկելով Ավստրալիայի շուրջը, հարավային ափին հայտնաբերել է մի կղզի, որը հետագայում կոչվեց Թասմանիա: Թասմանն առաջինն ապացուցեց, որ Ավստրալիան առանձին մայրցամաք է, այլ ոչ թե դեռևս անհայտ խոշոր մայրցամաքի մի մասը, ինչպես կարծում էին երկար ժամանակ:
1770 թ-ին անգլիացի ծովագնաց և հետազոտող Ջեյմս Կուկը 2-րդ անգամ հայտնագործեց այդ մայրցամաքը՝ մոտենալով արևմտյան ափերին, և նրան տվեց Նոր Հարավային Ուելս անունը՝ հայտարարելով Մեծ Բրիտանիայի տարածք: 1788 թ-ին Պորի Ջեքսոն (ներկայիս՝ Սիդնեյ) խորշում ստեղծվեց անգլիական աքսորավայր:
Մայրցամաքի ռելիեֆում գերակշռում են սարահարթերը, որոնցից ամենաընդարձակը Արևմտաավստրալականն է, որն զբաղեցնում է մայրցամաքի տարածքի 50%-ը: Հյուսիսում՝ Կարպենտարիայի, հարավում Մուրեյ-Դառլինգի դաշտավայրերն են: Արևելքում ձգվում է Մեծ Ջրբաժան լեռնաշղթան, որի ծայր հարավային լեռնաճյուղի՝ Վիկտորիայի Ալպերի վրա գտնվում է Արարատ լեռը (եվրոպացիները, առաջին անգամ տեսնելով այս լեռը, նմանեցրել են Արարատին): Հսկայական տարածություններ են զբաղեցնում անապատները (Ավազային Մեծ, Վիկտորիայի Մեծ, Գիբսոնի): Ավստրալիայի հյուսիսարևելյան ափերի երկայնքով ավելի քան 2300 կմ ձգվում է Մեծ արգելախութը (կորալյան կղզիների ու խութերի շարք, որի լայնությունը հյուսիսում 2 կմ է, հարավում՝ 150 կմ): Կրաքարային այս կառույցի մեծ մասը գտնվում է ջրի տակ և մերկանում է միայն տեղատվության ժամանակ:
Ավստրալիայի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Կան ոսկու, երկաթի, ուրանի, նավթի և գազի, բոքսիտների, քարածխի, անագի պաշարներ:
 
Օրգանական աշխարհն ինքնատիպ է, շատ են բնաշխարհիկները: Մյուս մայրցամաքներից վաղ (մոտավորապես 100 մլն տարի առաջ) անջատվելու հետևանքով այստեղ բացակայում են հանրածանոթ շատ բույսեր ու կենդանիներ: Փոխարենը պահպանվել են կենդանիների մի շարք հնագույն տեսակներ, օրինակ՝ պարկավորները (մայրը նրանց կրում է իր փորի վրա՝ մորթու ծալքերից առաջացած պարկում) և ձվածին կաթնասունները, որոնք մյուս մայրցամաքներում վաղուց վերացել են: Անտառներն ու սավաննաները պարկավորների թագավորություն են (պարկավոր գայլ, պարկավոր խլուրդ, պարկավոր սավառնասկյուռ, նվենու տերևներով սնվող և ծառերի վրա բնակվող ծույլ, անպաշտպան պարկավոր արջ՝ կոալա): Բայց Ավստրալիայի գլխավոր պարկավոր կենդանին ագեվազն է (կենգուրու): Ձվածին կաթնասուններից են բադակտուցը և եքիդնան, որոնք ձու են ածում, թխսում, իսկ ձագերին կերակրում են կաթով: Ահա թե ինչու Ավստրալիան շատ հաճախ անվանում են կենդանի բրածոների թանգարան: Բնորոշ կենդանիներից է նաև դինգո վայրի շունը, որն Ավստրալիա է բերվել մարդու կողմից, բայց ժամանակ անց վայրենացել է:
Ավստրալիայի ամենամեծ թռչունը էմուն է, ամենագեղեցիկը՝ ծիածանի նման շքեղազարդ դրախտահավը, ամենազվարճալին ծաղրասարյակն է, իսկ ալիքափետուր թութակները թռչում են հսկայական երամներով:
Ավստրալիայում են աճում հռչակավոր պոմպ-ծառը, անտառային հսկա նվենին և ակացիան, որոնց տերևներն անուշաբույրով են հագեցնում օդը:
 
Ավստրալիայում լճերը և ջրառատ գետերը քիչ են: Ամենախոշոր գետը Մուրեյն է, որի Դառլինգ վտակը երաշտի ժամանակ չորանում է: Շատ են չոր գետահուները՝ կրիկները, որոնք ջրով լցվում են անձրևների ժամանակ: Ամենախոշոր լիճը Էյրն է, որը չորային սեզոնում ծանծաղում է: Չորային, ոռոգման կարիք ունեցող շատ հողատարածքներ դեռևս քիչ են յուրացված և գրեթե ամայի են: Ոռոգման խնդիրն Ավստրալիայում ամենակարևորներից է: Գետերի ջուրը վերաբաշխելու համար կառուցում են ջրատեխնիկական հատուկ կառույցներ: Օգտագործում են նաև ստորերկրյա ջրերի պաշարները, որոնցից Արտեզյան Մեծ ավազանն ամենամեծն է աշխարհում:
Ավստրալիայում ստեղծվել են շուրջ 1000 պահպանվող տարածքներ՝ ազգային պարկեր և արգելոցներ (Մաունթ Վինձոր, Նյու Ինգլանդ, Մաունթ Կոսցյուշկո, Աբել Թասման, Բլյու Մաունթինս), որոնցից ամենահինը Ռոյալ ազգային պարկն է:
Ամբողջ մայրցամաքը զբաղեցնում է միայն մեկ պետություն՝ Ավստրալական Միությունը, որի հիմնական բնակիչները Բրիտանական կղզիներից այստեղ գաղթած անգլիացիների, իռլանդացիների և շոտլանդացիների սերունդներն են: Սկզբնական շրջանում, XVII–XVIII դարերում, Ավստրալիան մի տեսակ աքսորավայր էր՝ Մեծ Բրիտանիայի քրեական հանցագործների, ինչպես նաև անգլիական կառավարությանն անցանկալի տարրերի և այլոց համար:
 
Բնակություն հաստատելով Ավստրալիայում և յուրացնելով այն՝ գաղութարարները գրեթե ամբողջովին դուրս մղեցին նրա բնիկներին`   աբորիգեններին: Ներկայումս նրանցից շատ քիչ են մնացել՝ ընդամենը մոտ 50 հզ. մարդ:XIX դարի կեսերին, երբ այստեղ ոսկի հայտնաբերվեց, վերաբնակների մեծ հոսք ուղղվեց Ավստրալիա: 1901 թ-ին անգլիական առանձին գաղութները միավորվեցին և կազմեցին Ավստրալական Միությունը, որը փաստորեն մինչև 1931 թ., երբ Ավստրալիան լիակատար անկախություն ստացավ մետրոպոլիայից (այսինքն՝ Մեծ Բրիտանիայից), մնում էր գաղութ: Այժմ Ավստրալիան դաշնային պետություն է Բրիտանական համագործակցության կազմում: Պետության գլուխը Անգլիայի թագուհին է, որին ներկայացնում է գեներալ-նահանգապետը:Ժամանակակից Ավստրալիան տնտեսապես զարգացած երկիր է, որը հիմնական ցուցանիշներով աշխարհի առավել զարգացած պետություններից է: Այստեղ հայտնաբերված հարուստ հանքային պաշարների հիման վրա զարկ է տրվել լեռնարդյունահանման, քիմիական, մետաղաձուլական, էլեկտրատեխնիկական և ավտոմոբիլաշինական արդյունաբերությանը:
Գյուղատնտեսության առաջատար ճյուղն անասնաբուծությունն է. այստեղ բուծվում են մեծ թվով խոշոր եղջերավոր կենդանի և ոչխար, որոնց միսն ու բուրդը արտահանվում են աշխարհի շատ երկրներ: Զարգացած են նաև խաղողագործությունն ու պտղաբանջարաբուծությունը, շաքարեղենի արտադրությունը, որոնք հիմնականում կենտրոնացած են երկրի արևադարձային ու մերձարևադարձային շրջաններում:
 
Ավստրալիան աշխարհում առաջին տեղերից մեկն է գրավում ուրբանիզացիայի, այսինքն՝ քաղաքակենտրոնացման տեսակետից. քաղաքներում է կենտրոնացված բնակչության մոտ 85%-ը: Ավստրալիայի խոշորագույն քաղաքներն են Սիդնեյը, Մելբուռնը, Բրիզբենը, Ադելաիդան, Պերտը և այլն. դրանց մի մասը նաև նավահանգիստներ են: 
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.