Encyclopedia

Ամանոր

Ամանորը (հին հայերենում`   "նոր տարի") հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։

 Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր և համարվում էր «նոր պտուղների ամենաբեր»։ Նրա տոնն ու պաշտամունքը կատարվում էր հայոց նոր տարվա օրերին՝ Նավասարդին, որ հայոց հին տոմարով համընկնում էր հուլիսի վերջերին և օգոստոսի սկզրներին, տարվա այն ամիսներին, երբ հասունանում էին նոր մրգերն ու պտուղները։ Նավասարդյան տոնախմբությունները համաժողովրդական մեծ շուքով ու ցնծությամբ կատարվում էին հատկապես հայոց հին հոգևոր կենտրոններից մեկում՝ Բագրևանդ գավառի դաշտավայրում գտնվող Բագավանում, որ նշանակում է դիցավան կամ աստվածավան։ Այս ավանում էր գտնվում նոր տարվա աստվածների՝ Ամանորի և հյուրընկալ Վանատուրի պաշտամունքատեղին։

Եթե Ամանորը խորհրդանշում էր նոր տարին ու նրա բերած նոր պտուղները, ապա Վանատուրը, որ բառացի նշանակում է օթևան տվող, հյուրընկալ, խորհրդանշում է Նավասարդին և այլ օրերի Բագավան այցելած բազմահազար հյուրերին և ուխտավորներին հյուրընկալելու, տեղ ու օթևան տալու իրողությունը։ Հայոց Տիգրան վերջին թագավորը Բագավանում իր եղբոր՝ Մաժան քրմապետի գերեզմանի վրա սրբավայր է շինում, որպեսզի բոլոր անցորդները վայելեն այդտեղ զոհաբերվող կենդանիների միսն ու խմիչքը, միաժամանակ նույն տեղում գիշերեն և հյուրընկալվեն։

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.