News

Տեղի ունեցավ ՀՀ ուսանող-մարզիկների պարգևատրումը

Educational 2013-10-24

Ս.թ. հոկտեմբերի 23-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի է ունեցել Կազանի 27-րդ ամառային ունիվերսիադայի մրցանակակիրների, մարզիչների, ՀՀ պատվիրակության ղեկավարների և 14-րդ հանրապետական ուսանողական խաղերում լավագույնը ճանաչված ուսանող-մարզիկների պարգևատրումը։
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, ողջունելով մարզիկներին, նշել է, որ վերջին տարիներին ՀՀ կառավարության, կրթության և գիտության նախարարության կողմից բավականին մեծ ուշադրություն է դարձվում ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված ծրագրերին, մարզական միջոցառումների կազմակերպմանը, և այսուհետև նույնպես ամեն ինչ արվելու է, որպեսզի ուսանող-մարզիկները կարողանան միջազգային ստուգատեսներում լավագույն արդյունքներ գրանցել։
 
Պարգևատրման արարողությանը ներկա էր Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկը, ով իր շնորհակալությունն է  հայտնել Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ այդ միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու համար։ Նա, շնորհավորելով մարզիկներին, ընդգծել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի սերտ համագործակցությունը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը կարևորել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի դերն ուսանողական սպորտի զարգացման գործում, ինչի արդյունքն այն մեդալներն են, որ մեր մարզիկները նվաճում են ուսանողական տարբեր առաջնություններում։ Կ. Ավագյանը հավաստիացրել է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն այսուհետև նույնպես պատրաստ է այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնք կհեշտացնեն մեր մարզիկների մասնակցությունը միջազգային ստուգատեսներում և կավելացնեն մեդալների քանակը։
 
Պարգևատրվածների թվում էր Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը։ Նա նշել է, որ հաճելի է, երբ գնահատվում է մարզիկի աշխատանքը, դա ոգևորում է ու մղում ավելի մեծ ձեռքբերումների։
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.