News

«Կայուն դպրոցական սնունդ»-ը կառավարության քննարկման առանցքում

Featured 2019-02-20

ՀՀ ԿԳՆ տեղեկացմամբ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչի և ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Չերնիգովի հետ: Մասնավորապես քննարկման առանցքում է եղել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն ընդլայնելու հարցը: ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է դպրոցական սննդի կազմակերպումը, և ծրագրի շարունակականության ապահովումը նախարարության առաջնահերթություններից է: Նախարարը նշել է նաև, որ դպրոցական սննդի կազմակերպումն ընդգրկվել է կառավարության նոր ծրագրում: Միաժամանակ, հաշվի առնելով, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն իրականացվում է միայն մարզային դպրոցներում, քննարկվում է հետագա տարիներին ծրագիրն ընդլայնելու և մայրաքաղաք Երևանի դպրոցները ևս ընդգրկելու հարցը: ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչն ու ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի տնօրենն իրենց հերթին ընդգծել են, որ պատրաստակամ են շարունակել աջակցությունը Հայաստանի մարզային դպրոցներում ծրագրի իրագործմանը: Նշվել է, որ Հայաստանը կարող է դառնալ առաջին երկիրը, որտեղ դպրոցական սննդի կազմակերպումը պետական ծրագիր է և իրականացվում է համակարգված ենթակառուցվածքներով: Ըստ որում, ՊՀԾ-ն ուսումնական տարվա ընթացքում 180 օր տաք սնունդ է տրամադրում Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերի տարրական դասարանների 60000 դպրոցականների համար: Մյուս հինգ մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.