News

Արցախում բեմադրվեց Իտալիայի Cantieri Teatrali Koreja թատրոնի «Պլաստիկ այգիներ» բեմադրությունը

Featured 2013-10-18

«ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Հայաստանում է գտնվում Իտալիայի Լեչչե քաղաքի Cantieri Teatrali Koreja թատրոնը, որը օրերս այցելել է Արցախ: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից հայտնում են, որ Ստեփանակերտում թատերախումբը ներկայացրել է «Պլաստիկ այգիներ» բեմադրությունը:
Նշենք, որ «ՀայՖեստ»-ի փակման օրը փառատոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Ղուկասյանը հայտնել էր, որ իտալական թատերախումբն է ցանկություն հայտնել այցելել Արցախ:
 
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ֆրանկո Ունգարոն Արցախում ասել է, որ թատերախմբի համար յուրօրինակ մարտահրավեր է ելույթ ունենալ կոնֆլիկտային գոտիներում, քանի որ հենց նման վայրերում կարելի է բացահայտել, թե իրականում հանդիսատեսը ինչ է ակնկալում թատրոնից: Նա նաև խոսել է արցախցիների ջերմ վերաբերմունքի ու դահլիճում տիրող խանդավառ մթնոլորտի մասին: Դերասանուհի Ալեսսանդրա Կրոկկոն հավելել է, որ ինքը բեմից զգում էր ներկաներից հաղորդվող դրական էներգիան, և որ ներկայացման վերջում հնչած բուռն ծափողջյունները վկայում են, որ պիեսը արժանացել է արցախցի հանդիսատեսի գնահատանքին:
 
«Պլաստիկ այգիներ» ներկայացումը առաջին անգամ բեմադրվել է 1996 թ.: 17 տարիների ընթացքում ներկայացումը ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում` ամենուրեք արժանանալով հանդիսատեսի գովասանքին: 2004 թ.-ից ի վեր բեմադրությունը ներկայացվել է 10-ից ավելի փառատոներում և նվաճել մի շարք մրցանակներ, որոնց թվում առանձնանում է 2012 թ. Իսֆահանում կայացած Մանկապատանեկան թատերական փառատոնի Գրան-պրի մրցանակը:
 
Աղբյուրը` www.panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.