News

Կոտայքի մարզ,գյուղ Ալափարս

Educational 2019-01-31

29․01․2019թ․ Միջոցառում Հայոց բանակի օրվա առթիվ։ Զինղեկ՝ Գ․Նազարյան Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: 1991 թ., Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից, ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին։ ՀՀ Կոտայքի մարզի Ալափարսի միջնակարգ դպրոցը մի առանձին հպարտությամբ ու ոգևորությամբ է նշում Հայոց բանակի օրը: Դպրոցում բարձր է դրված մատաղ սերնդի հայրենասիրության դաստիարակությունը: 2019թ.-ի հունվարի 29-ին Ալափարսի միջնակարգ դպրոցում նշվեց Հայաստանի Հանրապետության Ազգային բանակի 27-րդ տարեդարձը: Միջոցառման սկիզբն ազդարարվեց ՀՀ պետական դրոշի հանդիսավոր ներս բերմամբ և ՀՀ պետական օրհներգի հնչեցմամբ: Աշակերտները հպարտությամբ ներկայացրին բանակի ստեղծման պատմությունը, հանդես եկան հայրենասիրական երգերով և բանաստեղծություններով: Ներկայացվեց Հայոց բանակի անցած ուղին, արժևորվեց նրա դերն ու նշանակությունը: Իրենց ելույթներում աշակերտները նշեցին, որ Հայոց բանակը մարմնավորում է մեր ժողովրդի հայրենասեր հոգին, ազգային մեր իրավունքները պաշտպանելու կամքը և ապագայի վստահությունը: Սահմանը պահող նվիրյալներին երախտիքի ու խոնարհումի խոսքեր ասելու համար յուրաքանչյուր օրը կրում է հունվար 28-յան խորհուրդը: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք հերոսական մարտերում ծնված, հասակ առած ու զորացած Հայոց բանակի տարեդարձը՝ մաղթելով անխռով, խաղաղ և նորանոր հաղթանակներով պսակված գոյություն:

Կոտայք, գ. Ալափարսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.