News

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՏՏ բնագավառում պարգևների արժանացած ուսանողներին և աշակերտներին

Educational 2013-10-17

Ս.թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ Նախագահի 2013թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին:
Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդներն ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև:
 
Նախագահի հրավերով միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երևան ժամանած մեկ տասնյակից ավելի երկրների գիտությունների ազգային ակադեմիաների նախագահները, ովքեր շնորհավորել են մրցանակակիրներին և մաղթել նորանոր հաջողություններ: Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 21 ուսանող և 18 աշակերտ՝ 5 բուհից և 8 ավագ դպրոցից: Ընթացիկ տարում հանձնաժողովն ընդլայնել է մրցանակաբաշխությանը մասնակից կրթական հաստատությունների թիվը՝ ընդգրկելով նաև «Այբ» ավագ դպրոցը: Հանձնաժողովի որոշմամբ, այս տարի «գլխավոր մրցանակ» անվանակարգում հաղթող չի ճանաչվել:
Պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և Նախագահի 2013թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին, մաղթել նոր հաջողություններ: 
«Առաջին հերթին շնորհավորանքի և շնորհակալության խոսք եմ ուղղում պարգևների արժանացած մեր երիտասարդներին: Այս պարգևները նվաճելով՝ դուք ապացուցում եք, որ պատրաստ եք ինքնուրույն մուտք գործելու մեծ կյանքի ուղի: Այժմ դուք կատարում եք ձեր առաջին քայլերը ձեր ընտանիքներից և նեղ ընկերական շրջապատից դուրս: Եվ այդ առաջին քայլերն ապացուցում են, որ դուք պատասխանատու և հայրենասեր մարդիկ եք մեծանում: Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ՝ ես ձեր ծնողների հետ միասին կիսում եմ այս հաղթանակի բերկրանքը: Իմ, ինչպես և նրանց համար չի կարող լինել ավելի մեծ ձեռքբերում, քան ձեր հաջողությունը: Միևնույն ժամանակ, դուք օրինակ եք ծառայում ձեր հասակակիցների և ընկերների համար: Այդ օրինակը պետք է լինի վարակիչ, որպեսզի հեռուստատեսությամբ ձեզ տեսնողները ևս հավատան իրենց ուժերին, լծվեն իրենց ուսմանն ու կրթությանը: Թո՛ղ նրանք ոչ միայն ձեր օրինակի, այլև իրենց սեփական աշխատանքի շնորհիվ համոզվեն, որ մեկ, երկու, երեք տարի անց արդեն իրենց են ցուցադրելու հեռուստատեսային լուրերով՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում պարգևներ և կրթաթոշակներ ստանալիս»,- մասնավորապես ասվել է նախագահի խոսքում:
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.