News

Dasaran-ը պարգևատրեց նոր սերնդի դպրոցներին

Featured 2018-11-26

Այսօր Dasaran կրթական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի ու Արցախի կրթության և գիտության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության և Dasaran կրթական ծրագրի համատեղ իրականացրած «Նոր սերնդի դպրոց 2017-2018» վարկանիշավորման մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ և այլ հյուրեր: Ողջույնի խոսքով հանդես եկավ Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը՝ շնորհավորելով մրցանակակիր դպրոցների ներկայացուցիչներին և նշելով, որ երկրի զարգացման առանցքում մանկավարժն է: «Նոր սերնդի դպրոց» հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մրցույթը նպատակաուղղված է հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների համակարգչային գիտելիքների վերազինմանը, դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառման և Dasaran-ի էլեկտրոնային հարթակի լիարժեք գործածման խրախուսմանը: Այն նպատակ ունի նաև ծնողների համար ուսումնական գործընթացն ու աշակերտների առաջադիմությունը դարձնել առավել թափանցիկ և վերահսկելի: Մրցույթն իր սահմաններում էր միավորել Հայաստանի և Արցախի՝ Dasaran կրթական ծրագրի էլեկտրոնային միջավայրին միացած բոլոր 1.484 դպրոցներին: «Նոր սերնդի դպրոց 2017-2018» վարկանիշավորման մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության արարողության ժամանակ ընդհանուր առմամբ Հայաստանի և Արցախի 61 դպրոց պարգևատրվեց տարբեր մրցանակներով, այդ թվում՝ համակարգիչներով, գրադարաններով և պատվոգրերով: Հայաստանյան և արցախյան դպրոցներից ամենաբարձր արդյունավետությունն էին դրսևորել ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի միջնակարգ, Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 5 հիմնական, Կոտայքի մարզի Զորավան գյուղի միջնակարգ, Կոտայքի մարզի Գառնի Բանավան գյուղի հիմնական, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի միջնակարգ, Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղի հիմնական, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ուռեկանի գյուղի միջնակարգ դպրոցները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.