News

ԱՏՀ ուսուցում՝ Հայաստանի դպրոցներում

Featured 2018-11-15

ՀՀ դպրոցներում Աշխարհատեղեկատվական համակարգը (ԱՏՀ) որպես կրթական առցանց տեխնոլոգիաների վրա հիմնված նոր ուսումնական մեթոդ ներկայացնելու նպատակով Հայկական բարեգործական ընդհանուր միությունում ուսուցիչների համար կազմակերպվել է սեմինար-դասընթաց, որին մասնակցել է Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերի և Երևանի շուրջ 100 մասնակից՝ ծանոթանալու ԱՏՀ համակարգին, այն որպես ուսումնական գործիք կիրառելու կարևորությանը և տեղանքի վերլուծությանը: ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը ողջունել է մասնակիցներին՝ նշելով, որ դպրոցներում ԱՏՀ-ն՝ որպես թվային գործիք կիրառելու վերաբերյալ ծրագիրը ներկայացվել է Կրթության և գիտության նախարարություն, և Կրթության ազգային ինստիտուտի կողմից ստացել դրական եզրակացություն: «ԱՏՀ-ն՝ հանրակրթության մեջ որպես գործիք, կիրառվում է շատ երկրներում, մասնավորապես, STEM/ԳՏՃՄ-ի շրջանակում և ոչ միայն: Հույս ունենք, որ ծրագրին մասնակից ուսուցիչները կծանոթանան այս գործիքին և կփորձեն կիրառել այն ուսումնական գործընթացում՝ այդպիսով կրթության որակի բարձրացման մեջ ունենալով իրենց ներդրումը: Ուսուցիչները շարունակաբար կվերապատրաստվեն Վիրտուալ համալսարանի տրամադրած հարթակում, որի գնահատման արդյունքում կփորձենք հասկանալ՝ ինչպես այն տարածել ՀՀ բոլոր դպրոցներում, որը մտնում է մեր հեռահար նպատակների մեջ: Գործիքն անվճար կտրամադրի KARDÉS կազմակերպությունը՝ հայերեն թարգմանված»,-նշել է Գոհար Մամիկոնյանը՝ հավելելով, որ ծրագրին մասնակից յուրաքանչյուր մարզից ընտրվել է 5 դպրոց և 10 ուսուցիչ (յուրաքանչյուր դպրոց ներկայացրել է 6-7-րդ դասարանում դասավանդող աշխարհագրության և մաթեմատիկայի երկու ուսուցիչ): KARDÉS-ի հիմնադիր և տնօրեն Բագրատ Բալաբանյանն իր հերթին նշել է, որ ԱՏՀ-ն հարցումների և որոշակի չափանիշների վրա հիմնված, խնդիրների լուծմանն ուղղված առաջադրանքների ամբողջություն է, որն իր մեջ ներառում է դաշտային աշխատանք և պահանջված ոլորտներում տրամադրում է մասնագիտական հմտություններ: «ԱՏՀ-ի կիրառումը կնպաստի Հայաստանում STEM/ԳՏՃՄ կրթության զարգացմանը: Այս համակարգն աշակերտներին կսովորեցնի՝ ինչպես օգտագործել, ստեղծել և տարածել քարտեզներ, հավաքել և ներմուծել տվյալներ, կատարել բազմապիսի վերլուծություններ և աշխատել մեծածավալ տվյալների հետ: Արդյունքում՝ աշակերտները կզարգացնեն իրենց քննադատական և տարածական մտածողությունը»,-նշել է Բագրատ Բալաբանյանը: Միջոցառման ընթացքում KARDÉS-ի և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման համաձայնագիր: Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.