News

Իմ ազատ, անկախ Հայաստան

Educational 2018-11-10

Այնպես է ստացվել, որ Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 4-րդ դասարանում բաց դաս է։ Ահա նրանք վերլուծություններ ու դատողություններ են կատարում ազատ և անկախ Հայաստանի մասին, իսկ այդ թեման անծայր է և այդ թելը ձգվում է դեպի անվերջություն։ Տոնական է 4-րդ դասարանցիների դասասենյակում։ Ոգևորված են դպրոցականները։ Պատին փողփողում է եռագույնը, իսկ Հայաստանի քարտեզը վկայում է, որ հաճելի պահերի շղթան անվերջ է։ Փոխվել են 4-րդ դասարանցիները. մեծացել են նրանց բազմաբնույթ մտածողությունը և դատողություն կատարելու կարողությունները։ Սկսում է մտքերի տարափը և անդրադարձների շղթան դեպի Հայաստանի պատմական անցյալը։ Դպրոցականները հատկանշում են, որ հայը պատմության բոլոր ժամանակներում առանձնացել է աշխատասիրությամբ, տոկունությամբ ու քաջությամբ։ Եվ որքան էլ մեր հարևանները փորձել են նրան ծնկի բերել՝ թալանելով ու նենգաբար նրա հողերը ավերելով ու մոխրի վերածելով, բայց հաստատ է, որ չեն կարողացել հային ծնկի բերել։ Միշտ էլ հաստատ է, որ կրկին ու կրկին հայի ոգին արթնացում է ապրել, քանդվածը շինվել է և նորոգվել։ Ազատ, անկախ Հայաստանի կերպարը վառ է ընկալվել տասնամյա դպրոցականների պատկերացումներում. նրանք նկատում են, որ մեր ժողովուրդը դեռ հին ժամանակներից սարալանջերին ցորեն ու գարի է ցանել ու փրփուր-փրփուր լավաշ թխել թոնիրներում, հայ մամիկները առաջինն են իմացել լավաշ թխելը։ Մեր պապերն ու ապուպապերը սարերից ու դաշտերից դեղաբույսեր են հավաքել, սպեղանիներ պատրաստել և բուժել ինչպես իրենց հայրենակիցներին, այնպես էլ օտարներին։ Դեռևս 5-րդ դարում հայը գիր է ունեցել, դպրոցներ բացել ու կերտել փոքրիկների միտքը։ 4-րդցիները հպարտորեն նշում են, որ միայն մենք՝ հայերս ունենք լեռն Արարատ, մայր Արաքս, քառագմբեթ Արագած, կապուտաչյա գեղեցկուհի Սևան, եկեղեցիներ ու վանքեր քարակոփ, խաչքարեր-խաչքարեր։ Մեր դպրոցականների աշխարհայացքում Հայաստանը նրանց անունն է, ազգանունը, օդը՝ մաքուր, ջուրը՝ սառնորակ։ Հայաստանն իրենց կեցությունն է, իրենց լավն ու վատը, իրենց մանկությունն է ու պատանեկությունը, իրենց վաղն է ու ապագան։ Կշռադատման փուլում կանաչ խնձորենուց կախվեցին կարմրաթուշ խնձորները, որոնց վրա գրառվեցին դպրոցականների պատկերացումները ապագա ազատ, անկախ Հայաստանի մասին. թող խաղաղ ապրի նոր Հայաստանը, հզորանա և ուժեղանա նա և դառնա համայն հայության երազած երկիրը։ Դասն ավարտվեց. իսկ 4-րդցիներն դեռ շարունակում էին մտորել ազատ, անկախ Հայաստանի վաղվա օրվա մասին… Մ.Գրիգորյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.