News

Մեկնարկել է դպրոցականների ակնային առողջության պահպանման հանրապետական ծրագիրը

Featured 2018-10-23

Տեսողության համաշխարհային օրվա առիթով մեկնարկել է Հայաստանում դպրոցականների ակնային զննումների հանրապետական ծրագիրը: Այն մեկնարկել է Երեւանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոցում ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմանդրամի տնօրեն Նունե Եղիազարյանի մասնակցությամբ։ Նախարարի պաշտոնակատարը շրջել է դպրոցի տարրական դասարաններում, որտեղ 3-րդ դասարանի աշակերտներն ստացել են «Տեսունիկի տեսողության խաղը» մանկական ձեռնարկը, որը նախատեսված է տարրական դպրոցի երեխաների համար և նպատակ ունի խաղերի, վարժությունների և հետաքրքրաշարժ տեքստերի միջոցով սովորեցնել՝ ինչպես պետք է պահպանել աչքի առողջությունը: Ձեռնարկը մշակվել է Հայկական ակնաբուժության նախագծի շրջանակում և, որպես ուսումնաօժանդակ գրականություն, հաստատվել ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից: Արայիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման առնչությամբ և շեշտել. «Էլեկտրոնային սարքավորումներից շատ օգտվող մեր երեխաները տեսողության խնդիրներ ունեն և վաղ տարիքում հայտնաբերումը խիստ կարևոր է: Այս նախագծի շրջանակում մինչև տարեվերջ կստուգվեն շուրջ 10 հազար աշակերտ` Երևանի և մարզերի դպրոցներից՝ հաջորդ փուլերում ավելի մեծ թվով աշակերտներ ներգրավելու հեռանկարով: Բոլոր այն աշակերտները, ովքեր կարիք կունենան, կանցնեն ավելի լուրջ հետազոտություններ: Այս փուլը հաջողությամբ ավարտելուց հետո նախարարությունը կքննարկի ծրագրի ընդլայնման հնարավորությունները: Մենք պետք է կարողանանք ստեղծել հնարավորություն, որպեսզի բոլոր աշակերտները ստուգվեն և տեսողական խնդիրները վաղ հայտնավերվեն: Օգտվելով առիթից՝ ես նաև կոչ եմ անում ծնողներին ավելի հետևողական լինել այս հարցում և հատկապես ցածր դասարաններում սահմանափակել երեխաների հեռախոսներից և պլանշետներից օգտվելը»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Դպրոցականների ակնային զննման ծրագրի շրջանակում ժամանակակից սարքավորմներով անցկացվում է դպրոցականների ակնային զննում, որը նախնական ախտորոշում է իրականացնում և հնարավորություն տալիս արդյունքները պահպանել էլեկտրոնային եղանակով՝ հետագայում երեխայի առողջությանը հետևելու և տվյալների հավաքագրման և վերլուծության նպատակով: Առավել խորացված հետազոտության կամ բուժման կարիք ունեցողները ուղեգրվելու են ակնաբուժական կենտրոններ: Դպրոցականների ակնային զննման ծրագրի հաջորդ բաղադրիչը «Ավետիս» երեխաների առողջության խնամքի հարթակի ներդրումն է, որն այժմ պատրաստման փուլում է և հասանելի է լինելու դպրոցների բժշկական անձնակազմին, ծնողներին և մանկաբույժներին՝ ավելի արդյունավետ դարձնելու երեխաների ակնային առողջության պահպանմանն ուղղված աշխատանքները: «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանը նշել է, որ երեխաների տեսողական առողջության պահպանման ծրագրի և «Ավետիս» երեխաների առողջության խնամքի հարթակի ներդրման մեկնարկը Տեսողության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների միամսյակում առանձնահատուկ կարևորություն ունի, և ուրախալի է, որ այն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ գործակցությամբ։ Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.