News

Կայացավ «Սուպեր Դավիթը ընդդեմ կրակի» կրթական էլեկտրոնային խաղի շնորհանդեսը

Featured 2018-10-18

Ս.թ. հոկտեմբերի 18-ին հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական «Լուսէ» կենտրոնում կայացավ «Սուպեր Դավիթը ընդդեմ կրակի» նոր կրթական էլեկտրոնային խաղի շնորհանդեսը, որը ստեղծվել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի, Dasaran կրթական ծրագրի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջև համագործակցության շրջանակում: «Սուպեր Դավիթը ընդդեմ կրակի» կրթական էլեկտրոնային խաղի շնորհանդեսի հանդիսավոր արարողությանը ներկա էին Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր Գևորգ Հովակիմյանը, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աստղիկ Մովսիսյանը, Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և այլ հյուրեր։ Dasaran կրթական հարթակում տեղ գտած նոր «Սուպեր Դավիթը ընդդեմ կրակի» խաղի նպատակն է խաղայնացված ուսուցման մեթոդով նպաստել Dasaran-ում գրանցված ավելի քան մեկ միլիոն օգտատերերի շրջանում անվտանգության մշակույթի ձևավորմանը, հաղորդել գիտելիքներ հրդեհի դեպքում անվտանգության ապահովման և վարքականոնների վերաբերյալ, ինչպես նաև խրախուսել իրազեկ և դժվարին իրավիճակում օգնություն ցուցաբերող երեխաներին: Իսկ ահա խաղի նախատիպը «Սուպեր Դավիթ» կրթական խաղն է, որն արդեն իսկ սիրված է և լայն տարածում ունի ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս. այն ստեղծվել է Համաշխարհային բանկի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Dasaran կրթական ծրագրի միջև համագործակցության շրջանակում: Ողջույնի խոսքով հանդես եկավ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աստղիկ Մովսիսյանը, ով, ընդգծելով խաղայնացված կրթության կարևորությունը, նշեց, որ աղետների ռիսկերի կառավարումը հասարակության համար պետք է մշակույթ դառնա, իսկ այդ մշակույթի ձևավորման լավագույն հիմքը հենց երեխաներն են: -«Սուպեր Դավիթը ընդդեմ կրակի» խաղը լավագույն գործիքն է ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների շրջանում հրդեհի դեպքում ճիշտ վարքականոնների տարածման և ամրապնդման համար, - իր խոսքում նշեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր Գևորգ Հովակիմյանը: Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, շնորհակալություն հայտնելով նախագծի իրականացման բոլոր աջակիցներին, նշեց, որ խաղը հասանելի է Dasaran կրթական հարթակում գրանցված 1,107,346 օգտատերերի՝ աշակերտների, ուսուցիչների և նրանց ծնողների համար: Դե, իսկ այն կարող են խաղալ բոլորը՝ մուտք գործելով նաև ֆեյսբուքյան էջից: Ի դեպ, միջոցառման շրջանակում մասնակից մի խումբ աշակերտներ հնարավորություն ունեցան փորձարկելու նոր խաղը՝ մեծ ոգևորությամբ բացահայտելով անվտանգ ու ապահով մի նոր աշխարհ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.