News

Կմեկնարկի «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնը

Featured 2018-09-25

«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում այս տարի 22 երկրից Հայաստան կժամանի ավելի քան 250 մասնակից և հյուր, որոնց թվում կլինեն հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Եգիպտոսից, Հունգարիայից, Ճապոնիայից, Լեհաստանից, Իսրայելից, Ղրղզստանից, Բելգիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից: Երևանյան 13 բեմահարթակներում փառատոնի շրջանակում կցուցադրվի ավելի քան 40 ներկայացում: «Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ»,- նշել է փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը։ Փառատոնն ամեն տարի կազմակերպում է նաև հատուկ ծրագիր։ «Այս տարվա հատուկ ծրագիրն է Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի՝ «Բրոդվեյի հիթեր» ներկայացումը, որն ամբողջությամբ համապատասխանում է բրոդվեյան շոուի բոլոր պահանջներին՝ բալետային հրաշալի համարներ, բոցավառող երաժշտություն, վառ պատկերներ, անակնկալներ և տոնական տրամադրություն: Նշանավոր ներկայացումներից են Գերմանիայի «Ֆաբրիս Մագլիահ» ընկերության՝ «Մամացցա» պարային ներկայացումը»,- մանրամասնել է փառատոնի նախագահը։ Արթուր Ղուկասյանի խոսքով՝ փառատոնն այս տարի մի քիչ սխեմայով տարբարեվելու է, առաջին երեք օրը լինելու է լեհական ժամանակակից պարի հարթակ։ «Փառատոնի «Պարարվեստի արևելյան ընկերակցություն» ծրագիրը նպատակ ունի ներկայացնել ժամանակակից պարի ու պարարվեստը՝ ստեղծված լավագույն լեհ արտիստների, ուսուցիչների և մասնագետների կողմից, ում համախմբում է լեհական պարահարթակ 2017-ը: Այս ծրագրի շրջանակներում ստեղծվել է հայ-լեհական համատեղ ներկայացում, որը նույնպես կցուցադրվի փառատոնի օրերին: Ծրագրի նպատակն է զարգացնել ժամանակակից պարը Հայաստանում: Այն ունի նաև մեծ կրթական ծրագիր, որը տալիս է հնարավորություն ուսանողներին ունենալ հնարավորություն լրացնել իրենց ակադեմիական կրթությունը»,- նշել է նա։ Երևանյան թատրոններից «Հայ Ֆեստ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Միհր» թատրոնները։ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը: 16-րդ «Հայ Ֆեստ»-ն այս տարի կրում է «Հայ Ֆեստ՝ անցում դեպի թատերաշխարհ» խորագիրը: Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.