News

Բացվեց «Կրթություն. գործընթաց, թե վերջնանպատակ» երկօրյա համաժողովը

Educational 2013-10-03

Ս.թ. հոկտեմբերի 2-ին բացվեց Բրիտանական խորհրդի կազմակերպած «Կրթություն. գործընթաց, թե վերջնանպատակ» երկօրյա համաժողովը, որի բացմանը մասնակցեց նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Միջոցառումը նպատակ ունի  համակողմանի քննարկել դասավանդման բնագավառում իրականացվող փոփոխությունների  և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծվող  մեթոդների դրական և բացասական ազդեցությունները:
 
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը  ընդգծելով, որ կրթական գործընթացում նորարարական տեխնոլոգիաների օգտագործման անհրաժեշտությունը ոչ միայն հնարավորություն է, այլև մարտահրավեր,  որն իր հետ  կարող է  բերել լրացուցիչ դժվարություններ, բացման խոսքում նշել է. «Կրթության բնագավառում նորարարական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ կան տարբեր՝ երբեմն նույնիսկ  տրամագծորեն հակառակ  մոտեցումներ: Դասական կրթական միջավայրի և մեթոդների կողմնակիցների  համար կրթության միավորը նախկինի պես շարունակում է մնալ  բացառապես դասագիրքը: Կա նաև  երկրորդ ծայրահեղությունը, մարդիկ, ովքեր մոտ ապագայում կրթություն ստանալու գործընթացը պատկերացնում են բացառապես տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով»:
 
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ կրթության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման  ուղղությամբ Հայաստանում վերջին տարիներին առկա է լուրջ զարգացում. արդեն գործում են առցանց  կրթության մի քանի հարթակներ՝ բավական հագեցած բովանդակությամբ: «Մենք կատարել ենք մեծ աշխատանք, սակայն ոլորտը մեզ համար դեռևս  հեռանկարային է: Հայաստանն այս ուղղությամբ դեռ շատ բան ունի անելու և սովորելու»,- խոսքն եզրափակելով նշել է նախարարը և հույս հայտնել, որ  մասնագիտական քննարկումները կնպաստեն, որ ապագայում կկայացվեն կրթության զարգացմանն ուղղված  կարևոր որոշումներ:
 
Համաժողովին մասնակցել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, Բրիտանական խորհրդի տարածաշրջանային տնօրեն Մայքլ Բըրդը, անգլերեն լեզվի մասնագետներ, կրթական հաստատությունների ղեկավարներ, դասախոսներ և ուսուցիչներ:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.