News

2014-2015 ուսումնական տարում 40-ից ավելի գիտահետազոտական կրթաթոշակ կտրամադրվի հայ գիտնականներին

Educational 2013-10-01

DAAD-ը համարվում է աշխարհի ամենամեծ դրամաշնորհային ֆոնդն ունեցող կազմակերպությունը: Ս.թ. սեպտեմբերի 28-ին անցկացվեց տեղեկատվական սեմինար` նվիրված Գերմանիայում գիտական հետազոտությանը, որի ընթացքում քննարկվեց 2014-2015 ուսումնական տարում DAAD-ի կողմից ավելի քան 40 գիտահետազոտական կրթաթոշակ տրամադրելու հարցը հայ գիտնականներին, հետազոտողներին, ասպիրանտներին և դասախոսներին:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի  նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը` ողջունելով գերմանացի հյուրերին ասաց, որ այս նախաձեռնությունը խթան է կրթության զարգացման և երիտասարդներին քաջալերելու համար. «Մեր երիտասարդների համար մեծ պատիվ է ուսումն ու գիտահետազոտական աշխատանքները շարունակել այնպիսի արժեքներ կրող երկրում, ինչպիսին Գերմանիան է: Անհրաժեշտ է շատ կապեր ունենալ` առնչվելով հզոր գիտական պոտենցիալ ունեցող երկրների հետ»,-ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ այս ծրագրի միջոցով մի շարք խնդիրներ հաղթահարվել են:
 
Գերմանացի պրոֆեսոր և լեզվաբան Շտեֆան Ռաբանուսը հասցրել էր նկատել մի քանի նմանություններ և տարբերություններ Գերմանիայի և Հայաստանի միջև: Ըստ նրա` ինչպես Հայաստանում, այնպես էլ Գերմանիայում կրթությունը առաջնային է: Գերմանիայում գործում է շուրջ  60 հետազոտական կենտրոն, 215 գիտական և 6 մանկավարժական բուհ, մինչդեռ Հայաստանում դրանց թիվն ավելի քիչ է. «Եթե նկատենք, որ Հայաստանում բնակչության թիվն ավելի քիչ է, ապա այդ հարաբերակցությամբ Գերմանիայում պետք է լիներ շուրջ 1000 բուհ: Այս երկու երկրների բուհերի միջև ևս մեկ տարբերություն կա: Գերմանիայի համալսարանը և սովորեցնում, և հետազոտություն է անցկացնում, իսկ Հայաստանում միայն սովորեցնում է, հետազոտությունն անցկացնում է Գիտությունների ազգային ակադեմիան»,- ընդգծեց նա` նկատելով, որ յուրաքանչյուր պետություն պարտավոր է աջակցել գիտության զարգացման և հետազոտություններ անցկացնելու գործընթացին` բերելով Գերմանիայի օրինակը. «Գերմանիայում գիտական հետազոտության համար վճարվում է ավելի քան 75 միլիոն եվրո, սակայն  Գերմանիայի նման երկիրը չի կարող սահմանափակվել ինքն իրենով և պետք է համագործակցի մնացյալ երկրների հետ: Հայաստանը ևս պետք է բացվի աշխարհի առաջ»: 
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.