News

ԿԳ նախարարն անդրադարձել է կրթության ոլորտի հիմնահարցերին

Featured 2018-08-22

2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկմամբ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները: Խորհրդակցությունը, որն անցկացվել է Արմավիրի մարզպետարանում, վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մասնակցել են փոխմարզպետներ Ալեքսանդր Ղուկասյանը, Գագիկ Գաբրիելյանը, Կարեն Գրիգորյանը, ԿԳ նախարարության և մարզպետարանի աշխատակազմերի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի դպրոցների տնօրեններ: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ավարտական դասարանների բոլոր աշակերտները ամենայն հավանականությամբ դպրոցն ավարտելու համար կհանձնեն միասնական քննություններ։ «Բոլոր ավարտական քննությունները լինելու են միասնական և վերահսկվելու են ԳԹԿ-ի կողմից: Այսինքն՝ ավարտական քննություններին բոլոր աշակերտները պետք է պատրաստ լինեն բոլոր առարկաներից հանձնել Ա մակարդակի միասնական քննություններ: Սա կլինի արդյունքի միասնական ամփոփում, որպեսզի մենք վերջապես ստանանք կրթության արդյունքի իրական պատկերը: Նախարարությունը տնօրենից պահանջելու է պատասխանատվություն՝ կրթության արդյունքի համար»,- մանրամասնել է նախարարը՝ նշելով, որ միասնական քննություններ հանձնելու դեպքում պետք է սպասել ավելի ցածր գնահատականների, բայց դա նաև խթան կհանդիսանա, որպեսզի տնօրենները շահագրգիռ լինեն դպրոց ընդունել բարձրակարգ մասնագետների: Կրթության և գիտության նախարարն անդրադարձել է նաև սեպտեմբերի 1-ից մարզում համընդհանուր ներառական կրթության համակարգին անցնելու ծրագրին՝ նշելով, որ այդ ուղղությամբ վերջին ամիսներին ինտենսիվ աշխատանք է տարվել նախարարության և մարզպետարանի կողմից։ «Համընդհանուր ներառման անցնելը դյուրին գործընթաց չէ, սակայն զարգացած են համարվում այն հասարակությունները, ովքեր գնում եմ ներառման»,- նշել է Ա. Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ մարզում մեկնարկել են ներառական կրթության համակարգի անցմամբ պայմանավորված վերապատրաստումները: Նախարարը նաև տեղեկացրել է, որ այժմ նախարարությունում աշխատանքներ են տարվում ոլորտը կարգավորող իրավական մի շարք ակտերի լրամշակման և փոփոխման ուղղությամբ: Փոփոխություններ են նախատեսվում ուսուցչի և տնօրենի թափուր տեղի մրցույթի, տնօրենների հավաստագրման, խորհուրդների ձևավորման կարգերում: Կատարվող փոփոխություններից նախարարը կարևոր է համարել հատկապես կառավարման խորհուրդների դերակատարման բարձրացումը։ Նախարարը նշել է նաև, որ այս տարի կրթական ծրագրում և առարկայացանկում որևէ փոփոխություն չի կատարվել։ «Հանրակրթական համակարգում հապշտապ փոփոխություններն արդարացված չեն, այդ պատճառով մենք այս տարի նման քայլի չենք գնացել: Ստեղծվելու են հանրային քննարկումների հարթակներ, որտեղ այդ կարգի բոլոր հարցերը կքննարկվեն, որից հետո կկայացվի վերջնական որոշում»,- ընդգծել է նախարարը: Արայիկ Հարությունյանը խոսել է նաև դպրոցական համազգեստի մասին՝ նշելով, որ դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին․ այդ որոշումը պետք է կայացվի ծնողական խորհրդի կողմից` համապատասխան քննարկման արդյունքում։ Ինչ վերաբերում է աշակերտների՝ հեռախոսով դասի նստելու խնդրին, դեռևս այս առումով սահմանափակումներ չկան, բայց քննարկումներ լինելու են: Դիմելով խորհրդակցության մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը կոչ է արել տնօրեններին հետևողական լինել դրամահավաքությունը և կոռուպցիան բացառելու հարցում՝ պահպանելով վերջին ամիսների արդյունքները: Նախարարը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ դպրոցները ապաքաղաքական կառույցներ են, և Հայաստանի նոր կառավարության սկզբունքային մոտեցումն է՝ կրթության համակարգը զերծ պահել քաղաքականացումից։ Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.