News

«Գութան» ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը՝ շուտով

Featured 2018-08-20

Այս տարի «Գութան» ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը կանցկացվի օգոստոսի 24-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Փառատոնին այս տարի մասնակցելու են գրեթե երկու տասնյակ ազգային-ավանդական երգի-պարի խմբեր՝ «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Անի», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մարաթուկ», «Արեգ», «Մենք ենք մեր սարերը», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Մշո հավքեր», «Մարաթուկցիներ», «Նինահար» համույթները: Միջոցառմանը բոլոր երգերն ու պարերը կներկայացվեն պարտադիր կենդանի նվագակցությամբ և կկատարվեն բացառապես մեր ազգային նվագարաններով: Արդեն 5-րդ տարին անցկացվող փառատոնը հայտնաբերում է նոր խմբերի, որոնք ևս, ինչպես ավանդաբար մասնակցողներն ահռելի աշխատանք են կատարում տարվա ընթացքում, պատրաստվում, որպեսզի ըստ արժանվույն ելույթ ունենան «Գութան»-ի շրջանակում: Բացի խմբերին հայտնաբերելուց, փառատոնն իր առջև նպատակ է դրել երևան հանել ստեղծագործություններ, որոնք մատնված են մոռացության, փրկել դրանք և հրամցնել ունկնդրին: Նշենք, որ փառատոնն այս տարի տեղի կունենա մեկ ամիս շուտ. կազմակերպիչները հաշվի են առել երկու կարևոր հանգամանք՝ սեպտեմբերի անկանխատեսելի եղանակային պայմանները և զբոսաշրջիկների ներկայիս մեծ ներհոսքը մեր երկիր: Բացի նրանից, որ հայ մշակույթը ներկայացվում է տեղաբնակներին, այն նաև ճանաչելի է դառնում օտարերկրացիներին: Տեղեկացնենք, որ փառատոնի մեկնարկից առաջ՝ օգոստոսի 22-ից յուրաքանչյուր խումբ Երևանի որևէ վարչական շրջանում հանդես է գալու համերգով: Իսկ օգոստոսի 23-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզից (Կասկադ) դեպի Հյուսիսային պողոտա ֆլեշմոբ կկազմակերպվի, որին կմասնակցեն փառատոնի մասնակից երգի ու պարի խմբերը, կներկայացնեն նաև գեղարվեստական համարներ: Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են նաև մեր անցյալի հայ երգի ու պարի երախտավորների կյանքին ու գործին վերաբերող ֆիլմեր՝ արժևորելով նրանց ծավալած գործունեությունն ու մեզ փոխանցած ավանդը: «Գութան» ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն իրականացվում է 2014 թվականից: Միջոցառումն անցկացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահաղացմամբ և նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Աղբյուրը՝ 1in.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.