News

Կրթության ոլորտի հիմնահարցերը՝ քննարկման առանցքում

Featured 2018-08-17

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին հանդիպել է դպրոցականների, ուսանողների, ուսուցիչների և կրթության ոլորտով մտահոգված մարդանց հետ։ Հանդիպմանը ներկա ուսուցիչների կողմից հարց է բարձրացվել մուտքագրումները մի քանի տեղում կատարելու վերաբերյալ: Նախարարը խոստացել է հնարավորինս նվազեցնել կրկնակի աշխատանքը՝ թղթային գործերը կրճատելով: «Տեղյակ եմ՝ բազմաթիվ են բողոքները, որ ուսուցիչը նույն աշխատանքը մի քանի տեղ է կատարում՝ թղթային մատյանում, անձնական մատյանում, dasaran.am-ում: Իրականում, էլեկտրոնային ռեսուրսը նախարարության համար շատ կարևոր ինֆորմացիա է ամեն վայրկյան փոխանցում: Կարծում եմ՝ մենք լուծում կգտնենք դրա համար: Հիմա քննարկում ենք մատյանները էլեկտրոնային դարձնելու հարցը: Եթե մենք թղթային մասը հանենք, ապա որևէ պրոբլեմ չի լինի արդեն էլեկտրոնային ռեսուրսում այդ տվյալները լրացնել: Մենք կփորձենք առավելագույնս քչացնել նույն աշխատանքը տարբեր տեղ կատարելը»,- նշել է նախարարը։ ԿԳ նախարարը նշել է նաև, որ բոլոր առարկաները, բոլոր ծրագրերը փոփոխության ենթակա են: Դրանց մի մասն ընդհանրապես կհեշտացվի, մի մասը դուրս կգա: «Օրինակ՝ «Նորագույն շրջանի պատմություն»-ը վերանայման կարիք ունի՝ հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի իրադարձությունների մասով: Մենք բոլոր այդ իրադարձությունների վերաբերյալ առաջիկայում գոնե քննարկումներ կունենանք: Նոր առարկաներ ևս կմտնեն, որովհետև աշխարհը 21-րդ դարում շատ արագ է փոխվում, և մենք շատ արագ պետք է արձագանքենք այդ փոփոխություններին, որպեսզի մեր դպրոցը լինի ժամանակակից, համապատասխանի արդի փոփոխություններին»,-մանրամասնել է նախարարը։ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև ներառական կրթական համակարգին։ Հայաստանի մի քանի մարզեր արդեն անցել են ներառական կրթության. հատուկ դպրոցները փակվում են և այդտեղ սովորող երեխաները ներառվում են հանրակրթական դպրոցներում: «Իհարկե, սա շատ բարդ պրոցես է, որովհետև ավանդաբար մենք այս խնդրին ուշադրություն չենք դարձրել նախորդ տասնամյակներում, բայց հիմա մեծ ուշադրություն ենք դարձնում: Ինձ համար նաև պատվի հարց է, որ այս համակարգը կայանա: Ինչ-որ տեղեր այս անցման ժամանակ մի շարք երեխաներ դուրս են մնացել ուսումնառության պրոցեսից: Մենք հիմա բոլոր այդ խնդիրներն ուսումնասիրում ենք»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ կան խնդիրներ մասնագետների ներգրավման, ուսուցիչների վերապատրաստման առումով: Կրթության և գիտության նախարարը նշել է, որ հայերենի քննության դեպքում շտեմարանները ցույց չեն տալիս գիտելիքի այն ամբողջ պաշարը, որն ունի աշակերտը: Ըստ նրա՝ դա հիմնականում անգիրի վրա հիմնված գիտելիքի ստուգման ձև է, որը փոփոխության պետք է ենթարկվի, բայց ոչ առաջիկա տարվա համար: Նախարարն ընդգծել է, որ փոփոխությունները հանրակրթության մեջ արդեն նկատելի են կազմակերպման առումով, իսկ բովանդակային մասը փոփոխության կենթարկվի առաջիկա մեկ տարվա ընթացքում: Անդրադառնալով մասնագիտական գրականությունը հայերեն թարգմանելու հարցին՝ նախարարը նշել է, որ մասնագիտական գրականության թարգմանությունը պետք է լինի, բայց ուսանողները պետք է կարողանան նաև մասնագիտական գրականությունը այլ լեզուներով կարդալ: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.