News

Dasaran-ն ամրագրում է Հայաստանի տեղը համաշխարհային կրթական քարտեզին

Featured 2018-07-11

Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանն այս օրերին գտնվում է Հոնկոնգում, որտեղ մասնակցում է նորարարական տեխնոլոգիաների RISE միջազգային կոնֆերանսին՝ ներկայացնելով կրթության ոլորտի հայաստանյան փորձն ու Dasaran-ի կողմից մշակված նորարարական լուծումները։ Կոտրելով կրթության ոլորտի կարծրատիպերը՝ Dasaran կրթական ծրագիրը շարունակում է առաջ շարժվել համաշխարհային կրթական լավագույն չափորոշիչներին համապատասխան՝ Հայաստանը ներկայացնելով որպես պոտենցիալ կրթություն արտահանող երկիր։ Կրթական ծրագիրը, որն արդեն իսկ կիրառվում է Հայաստանի բնակչության մեկ երրորդի կողմից (1,107,346 գրանցված օգտատեր), ներդնում է իր ողջ ներուժը՝ ի նպաստ Հայաստանում 12-ամյա կրթության արդյունավետության բարձրացման, մանկավարժների նորարարական գիտելիքներով վերազինման և հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման՝ հիմք ստեղծելով տվյալահեն քաղաքականության մշակման համար: Այս համատեքստում, Dasaran կրթական ծրագիրը դպրոցներում ներդրել է ոչ միայն արդյունավետ կառավարման էլեկտրոնային համակարգ, այլև մշակել E-Stat առցանց վիճակագրական-վերլուծական գործիքը, որը հնարավորություն է տալիս ընդգրկուն կերպով դիտարկելու հանրակրթական համակարգի բոլոր շերտերը և վերլուծելու դպրոցների արդյունավետությունը, աշակերտների կատարողականը, ինչպես նաև ժողովրդագրական տվյալների դինամիկան: Ստեղծված էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալիս ապահովելու կրթական հավասար հնարավորություններ բոլոր երեխաների համար՝ անկախ աշխարհագրական դիրքից և սոցիալական կարգավիճակից։ Dasaran կրթական ծրագիրը, դեռևս 2016 թվականին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից ճանաչվելով աշխարհի 5 լավագույն նորարարական ծրագրերից մեկը, շարունակում է լինել մրցունակ աշխարի լավագույն կրթական ծրագրերի շարքում։ Իր հիմքում ունենալով հայաստանյան հաջողված փորձը՝ Dasaran-ը պատրաստ է կրթական ծրագիրը ներդնելու աշխարհի զարգացող և զարգացած երկրներում՝ ի նպաստ կրթական հավասար հնարավորությունների ապահովման։

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.