News

Առաջին դասարանցիները դպրոց կընդունվեն առցանց տարբերակով

Featured 2018-07-03

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մտադիր է դպրոցներում կիրառել առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային տարբերակ՝ այդպիսով բացառելով կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև լիցենզիայով թույլատրված շեմից ավելի երեխաներ ընդունելու հնարավորությունը: «Կլինի կայք, սեպտեմբերից առաջին դասարան հաճախող երեխայի ծնողը կմտնի տվյալ կայք, կբացի տվյալ դպրոցի էջը, և այնտեղ գրված կլինի, թե որքան թափուր տեղ կա առաջին դասարանցիների համար: Դիցուկ, կլինի 38 տեղ: Ծնողը իր և երեխայի անունը կլրացնի, այնուհետև արդեն տնօրենները կիրականացնեն ընդունելություն: Երբ որ այդ տեղերը լրանան, այլևս որևէ մեկը՝ ո՛չ ծնողը, ո՛չ տնօրենը չեն կարողանա գերազանցել այդ թիվը: Կայքը գրեթե պատրաստ է, հիմա մենք դրա գործունեության համար իրավական հիմք կնախապատրաստենք, և արդեն հաջորդ տարվա սկզբին ծնողները շատ հանգիստ կմտնեն և կգրանցեն իրենց երեխաներին: Կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը, որովհետև ասում են՝ այս կամ այն ծնողին կամ երեխային մերժում են, որպեսզի իրենց ուզած մարդիկ անցնեն: Դա էլ կբացառվի, և ծնողն էլ շատ հստակ կիմանա արդեն տարվա առաջին ամիսներից, որ ենթադրենք իր թաղամասի «իքս» դպրոցում այլևս տեղ չկա և ինքը պետք է նայի՝ թաղամասի մյուս դպրոցներում որտե՞ղ ազատ տեղ կա և գրանցի երեխային»,-նշել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Ըստ Արայիկ Հարությունյանի՝ այն ծնողները, որոնք չեն կարողանա ինքնուրույն էլեկտրոնային գրանցում իրականացնել, կարող են մոտենալ հատուկ կենտրոններ, որտեղ էլ նրանց այդ հարցում կօգնեն։ Կայքի հասցեն առայժմ հստակ չէ: Վերջնական որոշում լինելուց հետո այդ հղումը հասանելի կլինի բոլորին ինչպես ԿԳ նախարարության, այնպես էլ մյուս կրթական կայքերում: Նախատեսվում է, որ առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը կգործարկվի 2019 թվականի մարտից: Աղբյուրը՝ Armtimes.com

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.