News

ԿԳ նախարարն անդրադարձել է կրթության ոլորտի մի շարք հիմնահարցերի

Featured 2018-05-22

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր հանդիպում է ունեցել ԿԳՆ ենթակայության և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է ոլորտային հիմնահարցերին, ներկայացրել իր սկզբունքները հանրակրթության ոլորտի ապաքաղաքականացման, կոռուպցիոն ռիսկերի և բովանդակային խնդիրների վերաբերյալ: Նախարարը շեշտել է, որ խստորեն դատապարտվելու և կանխվելու են բոլոր կոռուպցիոն դրսևորումները. «Մենք գիտենք, որ բազմաթիվ ուսուցիչներ, նաև տնօրեններ ունեն սոցիալական խնդիրներ: Այս ուղությամբ տարվում են աշխատանքներ, արդեն ունենք լուծումներ, որոնք առաջիկայում կներկայացվեն: Այսքանով հանդերձ՝ սոցիալական խնդիրների առկայությունը չի կարող արդարացնել դպրոցներում կոռուպցիայի առկայությունը: Նաև անթույլատրելի է, որ սոցիալական խոցելի վիճակը առիթ դառնա, որպեսզի քաղաքական ազդեցությունները ներթափանցեն դպրոց: Գիտեք, որ դպրոցների դրամահավաքների դեմն առնելու նպատակով իմ կողմից իրականացվել են որոշակի գործողություններ: Տեղյակ եմ, որ որոշ տնօրեններ լուրջ աշխատանք են տարել` դրամահավաքն արգելելու ուղղությամբ, եղել են դեպքեր, երբ հավաքված գումարները վերադարձվել են, բայց երևույթը դեռ կա»,-նշել է նախարարը և հավելել, որ մի շարք դեպքեր այժմ ուսումնասիրվում են օրինապահ կառույցների կողմից: Անդրադառնալով Վերջին դասի միջոցառումներին` ԿԳ նախարարն ընդգծել է, որ դրամահավաքն արգելվում է, սակայն դա չի նշանակում, թե միջոցառումներն արգելված են: Այդ միջոցառումները, ինչպես Արայիկ Հարությունյանն է ընդգծել, կարող են կազմակերպվել համեստ միջոցներով: Խոսելով հանրային շրջանակներից հաճախ հնչող այն հարցադրման մասին, թե արդյոք արդարացվա՞ծ է 12-ամյա կրթության, մասնավորապես ավագ դպրոցի համակարգը, Արայիկ Հարությունյանը նշել է. «Ավագ դպրոցի ուսումնառության տարիների կրճատման կամ դրա վերացման մտահոգություն իսկապես կա: Եվ միասին պետք է լուծումներ գտնենք: 12-ամյա կրթական համակարգը, իմ կարծիքով, արդյունավետ է, սակայն անհրաժեշտ է ճիշտ բովանդակություն դնել դրա մեջ: Օրինակ, բուհերի որոշ առարկաներ կարող են դասավանդվել ավագ դպրոցում, կան նաև այլ տարբերակներ»,-ասել է նախարարը: Անդրադառնալով դպրոցներում Արարարատյան բակալավրիատի համակարգի ներդրման՝ արդեն մեկնարկած ծրագրի շարունակականության հարցին` Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ դպրոցների էլիտարացման որևէ մոդել անընդունելի է, քանի որ այն չի ծառայում ոլորտի ամբողջական բարելավմանը. «Ես գիտեմ նաև, որ այս ծրագրում կա կուտակված դրական փորձ, որը սխալ կլինի զրոյացնել: Մենք պետք է մտածենք այդ փորձը հնարավորինս արդյունավետ օգտագործելու մասին, թե ինչ ձևաչափով` պետք է մտածել և գտնել»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Նա նաև տեղեկացրել է, որ հանձնարարված է ֆինանսական աուդիտ իրականացնել Արարարատյան բակալավրիատի ծրագրում: Արայիկ Հարությունյանն ընդունելի է համարել տնօրեններից մեկի առաջարկը` նախարարին կից տնօրենների խորհուրդ ստեղծելու վերաբերյալ: Նա նաև տեղեկացրել է, որ նախարարին կից ստեղծվելու է փորձագետների խորհուրդ, որի նպատակը կուտակված փորձի օգտագործումն է կրթական քաղաքականության մեջ: Նախարարն անդրադարձել է նաև ուսուցիչների ատեստավորմանը՝ նշելով, որ նախկինում գործող համակարգն արդյունավետ չէ, ինչի մասին վկայում է այն փաստը, որ այս տարիների ընթացքում չի եղել գեթ մեկ դեպք, երբ ուսուցիչը չի հանձնել ատեստավորման քննությունը. «Ատեստավորման նոր համակարգ կիրառելու՝ նախկինից մշակված նախագիծ կա, որին ես հավանություն եմ տվել: Դա ենթադրում է մասնագիտական գիտելիքների վերաբերյալ ստուգումների համակարգի կիրառում, որը նրանց նաև որոշակի առավելություն, ինչպես նաև հավելավճար կապահովի»,-նշել է Ա. Հարությունյանը և հավելել, որ տարակարգերի գործող համակարգի արդյունավետությունը ևս կարող է դառնալ քննարկման թեմա: Նախարարը նաև հորդորել է ներկաներին առաջիկա պետական ավարտական և միասնական քննությունները կազմակերպել պատշաճ մակարդակով, վստահության մթնոլորտում։ Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.