News

Վատիկանում բացվել է ՀՀ դեսպանությունը

Featured 2013-09-23

Ս.թ. սեպտեմբերի 19-ին Հռոմի Պալացո դե լա Կանչելերիա սրահներում տեղի է ունեցել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ ընդունելությունը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը կազմակերպել են Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը` Մշակույթի Քահանայապետական խորհրդի (Սուրբ Աթոռի Մշակույթի նախարարության) հովանու ներքո:
Բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Իտալիայում և Սուրբ Աթոռում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը, Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին և Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը:
 
Ելույթներում բանախոսները անդրադարձել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առկա ավանդական բարեկամական կապերին, ընդհանուր մշակութային և հոգևոր ժառանգությանը:
 
Կարդինալ Լեոնարդո Սանդրին նշել է, որ Սուրբ Աթոռը միշտ առանձնահատուկ հարաբերություններ է ունեցել հայ ժողովրդի հետ, որոնք պայմանավորված են հայերի քրիստոնեական հին պատմությամբ: Նա վստահություն է հայտնել, որ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության բացումը կընդլայնի երկկողմ փոխադարձ աջակցության հարուստ ճանապարհը:
 
Նշենք, որ միջոցառմանը ներկա են եղել շուրջ 350 հոգի, այդ թվում` Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար մոնսինիոր Դոմինիկ Մամբերտին (Սուրբ Աթոռի արտգործնախարար), Սուրբ Աթոռի արարողակարգի ղեկավար Մոնսինիոր Խոսե Բետանկուրը, Կաթողիկե դաստիարակության միաբանության նախագահ կարդինալ Զենոն Գրոչոլևսկին, Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Նեապոլի և Նարդոյի քաղաքապետարանների պատվիրակությունները, Անարատ հղության հայ քույրերի միաբանության, հայ համայնքի ներկայացուցիչներ, Սուրբ Աթոռում հավատարմագրված լրագրողներ:
 
Ներկաների թվում է եղել նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
 
Դեսպանատան և ցուցահանդեսի բացմանը որպես մասնավոր անձ ներկա էր BBC-ի թղթակից Մարկ Գրիգորյանը, ով հայ-վատիկանյան կապերի ու համագործակցության կոնկրետ քայլերի ու նախաձեռնությունների մասին նշում է. «Ես, իհարկե, սկզբում մի քիչ կասկածամտորեն էի մոտենում, բայց հետո համոզվեցի, որ իսկապես, այ մարդ, երկու շատ կարևոր եկեղեցիներ են. Վատիկանը համաշխարհային մեծություն ունեցող եկեղեցի է, և կաթոլիկների թիվը աշխարհում 2 միլիարդից անցնում է: Եվ չունենալ այդ կարգի կողմնակից …Սա աշխարհի ամենամեծ կողմնակիցներից մեկն է, որը մենք կարող ենք ունենալ: Նկատի ունեմ՝ դիվանագիտական կողմնակից»։
 
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. Քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» Ցուցահանդեսը այցելուների համար բաց է լինելու սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 19-ը:
 
Աղբյուրը` tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.