News

Տարվա լավագույն մանկավարժների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 5-ին

Educational 2013-09-20

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում` «Ուսուցչի օրվան» ընդառաջ տեղի է ունեցել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա մրցույթների հանրապետական ամփոփիչ փուլը: Մրցույթի եզրափակիչ փուլի այս տարվա մասնակիցների թիվը 40 էր: Մանկավարժները` ՀՀ բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից էին: Հանրապետական փուլի մասնակիցների ընտրությունը կատարվել է մարզային փուլի արդյունքներով:
Յուրաքանչյուր  մարզից և Երևանից ընտրվել են լավագույն տնօրենը, ուսուցիչն ու դաստիարակը: Ավագ դպրոցների համար նույն մրցույթի առաջին փուլը կազմակերպվել է ԿԳՆ-ի կողմից:
 
Ըստ ավանդույթի` հաղթողների անունները կհրապարակվեն «Ուսուցչի օրը»` հոկտեմբերի 5-ին նախատեսվող տոնական միջոցառման ժամանակ: «Տարվա լավագույն ուսուցչի» և «Տարվա լավագույն դաստիարակի»  գլխավոր մրցանակը կհանձնի ՀՀ վարչապետը, իսկ տնօրենը կպարգևատրվի ՀՀ ԿԳ նախարարի կողմից:
 
Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցների համար նախատեսված են պարգևներ և խրախուսանքներ:
 
«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթն  այս տարի կազմակերպվում է 13-րդ անգամ:  Սահմանվել են հետևյալ անվանակարգերը` 
•«Նվիրում երեխաներին»,
•«Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ»,
•«Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար»:
«Տարվա լավագույն տնօրեն»  մրցույթում սահմանվել են հետևյալ անվանակարգերը` 
•«Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար»,
•«Հայրենասիրական և գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար»,
•«Ուսուցման նորագույն մեթոդների ներդրման լավագույն փորձի համար»,
«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում սահմանվել են հետևյալ անվանակարգեր`
•«Սիրտս նվիրում եմ երեխաներին»,
•«Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար»,
•«Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար»:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.