News

ՀՀ ԿԳՆ պատվիրակությունը` Բելառուսի Հանրապետությունում

Educational 2013-09-19

Ս.թ. սեպտեմբերի 16-ից 18-ը ՀՀ ԿԳՆ պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել էր Բելառուսի Հանրապետություն: Պատվիրակությունը գլխավորում էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Պատվիրակության կազմում էին` «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Լ. Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լ. Թավադյանը, ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի վարչության պետ Տ. Սահակյանը:
Այցի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և Բելառուսի ԿԳ նախարար Սերգեյ Մասկևիչի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների բուհերի համագործակցության, հանրակրթական փոխանակման ծրագրերի և դրանց իրականացման, ինչպես նաև կրթության միջազգայնացման, համատեղ գիտական գործունեության հարցեր: 
Արմեն Աշոտյանը, մատնանշելով տարբեր օլիմպիադաներում բելառուս աշակերտների ցուցաբերած բարձր արդյունքները, նշել է, որ Հայաստանին հետաքրքրում է Բելառուսում իրականացվող ուսուցման մեթոդիկան, ինչպես նաև նոր ծրագրերի ներդրումը:
 
«Նախատեսվում է, որ մի քանի տարի հետո Հայաստանի ԿԳ նախարարությունը կառաջարկի հանրակրթության նոր հայեցակարգ և այդ ոլորտում Բելառուսի փորձը չափազանց օգտակար է մեզ համար»,-ասել է Ա. Աշոտյանը: Սերգեյ Մասկևիչն իր հերթին նշել է, որ երկու երկրների համագործակցությունն իրականացվում է ԱՊՀ անդամ երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Վերջինիս խոսքով`  այս պահին գործում է 16 միջբուհական  համաձայնագիր: Մասկևիչը նշել է նաև, որ Բոլոնիայի գործընթացի մասնակից Հայաստանի փորձը օգտակար կլինի ոչ միայն գերատեսչության ղեկավարության, այլև բուհերի ղեկավարության համար:
 
Նախարարների հանդիպումից հետո կայացել է նրանց համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ձեռքբերված պայմանավորվածություններին, մասնավորապես, նշվել է, որ երկու երկրները հայտարարում են մրցույթ` բուհական լավագույն նախագծի համար, որին մասնակցելու համար բուհերը պետք է համապատասխան հայտ ներկայացնեն մինչև հոկտեմբերի 25-ը: Նախարարները տեղեկացրել են նաև, որ հանդիպման ընթացքում քննարվել է նաև կրկնակի դիպլոմների տրամադրման հնարավորությունը: Ասուլիսի ընթացքում Արմեն Աշոտյանը լրագրողներին է ներկայացրել Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի վերջին զարգացումները և գերակայությունները:
 
Պատվիրակությունն այցելել է նաև Նեսվիժ քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություն, ինչպես նաև ծանոթացել Նեսվիժի գիմնազիայի աշխատանքներին:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.