News

ԿԳ նախարար Ա.Աշոտյանը ընդունել է Լիտվայի ԿԳ նախարար Դաինիուս Պավալկիսի գլխավորած պատվիրակությանը

Educational 2013-09-16

Ս.թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Լիտվայի կրթության և գիտության նախարար Դաինիուս Պավալկիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում երկու երկրների կրթության պատասխանատուները բաց և անկեղծ զրույց են ունեցել ինչպես ոլորտում առկա ձեռքբերումների, այնպես էլ խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև  ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:
 
Նախարար Արմեն Աշոտյանը Դաինիուս Պավալկիսին շնորհակալություն է հայտնել` Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում, որպես ԵՄ նախագահող երկիր,  կրթության նախարարների երևանյան հանդիպմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և Լիտվայում ընթացող կրթական բարեփոխումները համապարփակ ներկայացնելու համար: Նախարարը նշել է, որ երկու երկրների միջև համագործակությունն առավել արդյունավետ է ընթանում, մասնավորապես, միջբուհական համագործակցության ոլորտում: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանին հետաքրքրում է Լիտվայի` հետխորհրդային համակարգից դեպի եվրոպականի անցման փորձը, որը, ըստ նախարարի, բավական տպավորիչ է: Արմեն Աշոտյանն իր խոսքում կարևորել է երկու երկրների միջև ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնումն ու  շարժունության ակտիվացումը:
 
Նախարար Դաինիուս Պավալկիսն իր հերթին ներկայացրել է Լիտվայի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես, բուհերի ինքնավարության, եվրոպական կրթական միասնական տարածքի ինտեգրման, բուհական ընդունելության քննությունների, ինչպես նաև բուհերի ենթակառուցվածքների և ուսանողական հանրակացարանների արդիականացմանն ուղղված փորձը:
 
Անդրադառնալով օտարերկրյա ուսանողների խնդրին` երկու երկրների նախարարները նշել են, որ դրանց թիվը Հայաստանում և Լիտվայում գրեթե նույնն է` 5-7 տոկոս` ընդգծելով, որ  երկու երկրների կառավարությունները  որպես առաջնահերթություն են դիտարկում  օտարերկրյա ուսանողների ներգրավումը:
 
Հանդիպման ավարտին նախարարները նշել են, որ պատմականորեն իրար նման երկու պետությունների կրթական հիմնախնդիրները հիմնականում նույնն են` ինչպես ԵՄ տարածքում, այնպես էլ դրանից դուրս, որոնք պահանջում են համատեղ լուծումներ գտնելու ջանքեր:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.