News

Դպրոցների կառավարման համակարգի փոփոխությունները՝ քննարկման առանցքում

Featured 2018-04-16

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են դպրոցների կառավարման խորհուրդների և տնօրենների աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցերը։ Քննարկմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության, Կրթության ազգային ինստիտուտի, Կրթության տեսչական մարմնի, ՀՀ կառավարության ռազմավարական հետազոտությունների կենտրոնի և նախարարության ներկայացուցիչներ: Կրթության և գիտության նախարարության և ՀՀ կառավարության ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կողմից կատարվել է հետազոտություն, որի արդյունքները ներկայացրել է ծրագրի փորձագետ Հովհաննես Աթաբեկյանը։ Համաձայն կատարված ուսումնասիրության՝ ներկայումս դպրոցների կառավարման կոլեգիալ մարմինների՝ խորհուրդների հիմնական պարտականությունն է ընտրել դպրոցի տնօրենին, հաստատել և վերահսկել դպրոցի զարգացման ծրագիրը: Խորհուրդները բաղկացած են 8 անդամից և ներառում են շահառուների տարբեր խմբեր. 2-ական անդամ ընդգրկվում են մանկավարժական և ծնողական խորհուրդներից, 1 անդամ՝ համայնքից և 3 անդամ՝ տարածքային կառավարման և կրթության լիազոր մարմնի ներկայացուցիչներից: Դպրոցների կոլեգիալ կառավարման համակարգի ներդնումն սկսվել է 90-ական թվականների վերջից՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ. «Թեպետ ժամանակին բավականին լուրջ աշխատանք է կատարվել կառավարման խորհուրդների համակարգի ձևավորման ուղղությամբ, սակայն հետագայում ի հայտ եկան մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված էին մի կողմից համակարգի ներդրման համար ոչ բավարար հզորություններով, մյուս կողմից՝ հասարակության պատրաստվածության ոչ բավարար աստիճանով»,- նշել է փորձագետը: Հետազոտությունը ցույց է տվել, որ տարածքային կառավարման և լիազոր մարմինը հակված է խորհրդի անդամ նշանակելու մարդկանց, ովքեր առաջնահերթ պաշտպանելու են նեղ ինստիտուցիոնալ շահերը, ավելին՝ որպես կանոն՝նույն մարդիկ ընդգրկված են բազմաթիվ դպրոցների կառավարման խորհուրդներում, ինչը նշանակում է, որ նրանք բավարար ժամանակ և ուշադրություն չեն կարող հատկացնել բոլոր դպրոցների խնդիրներին և կարիքներին: Խորհրդի կազմը ձևավորելու գործընթացում կան նաև իրավական բացեր, օրինակ, եթե համայնքը 1 շաբաթվա ընթացքում չի առաջարկում թեկնածու, ապա համայնքի փոխարեն տարածքային կառավարման մարմինն է նշանակում խորհրդի անդամ: Կառավարման խորհուրդը, ընտրելով տնօրեն, փաստացի որևէ պատասխանատվություն չի կրում տնօրենի գործունեության համար, որովհետև կառավարման խորհրդի կողմից ընտրված տնօրենը նշանակվում է լիոզոր մարմնի (Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ և ԿԳ նախարարություն) կողմից: Բացի տնօրենի ընտրությունից և զարգացման ծրագրի հաստատումից՝ խորհրդի մշտական գործառույթն է նաև դպրոցի բյուջեի հաստատումը, որը, որպես կանոն, կատարվում է տարին մեկ անգամ: Դպրոցի զարգացման ընթացիկ գործընթացին խորհուրդը բացարձակ չի մասնակցում, չի կատարվում նաև դպրոցի զարգացման ծրագրի իարկանացման վերահսկողություն: Արդյունքում՝ խորհրդի գործունեությունը կրում է զուտ ձևական բնույթ և տնօրենը հաճախ դառնում է միանձնյա որոշում կայացնող անձ, ինչն ամբողջությամբ խաթարում է կոլեգիալ կառավարման գաղափարը: Դպրոցների զարգացման ծրագրերը, որոնք տնօրենները ներկայացնում են խորհրդի անդամներին՝ ընտրության ժամանակ ձևական բնույթ են կրում, որպես կանոն՝ միօրինակ են և չեն արտացոլում տվյալ դպրոցի իրական կարիքներն ու զարգացման տեսլականը: Չկա նաև դպրոցի զարգացման ծրագրի կատարումը գնահատելու մեխանիզմ, քանի որ ծրագրի իրագործումը ներառված չէ տնօրենի կատարողականում: Ցածր է քաղհասարակության և համայնքի ներգրավվածությունը դպրոցի կառավարման գործընթացում: Հաշվի առնելով ներկա իրավիճակը, ինչպես նաև ելնելով միջազգային փորձից և մեր հասարակության առանձնահատկություններից՝ զեկույցում ներկայացվել են նաև փոփոխությունների առաջարկներ: Մասնավորապես առաջարկվում է փոխել կառավարման խորհուրդների ձևավորման կարգը՝ մեծացնելով համայնքի, այդ թվում՝ ծնողների ներգրավվածության աստիճանը՝ ի հաշիվ տարածքային և լիազոր մարմինների ներկայացուցիչների, ներմուծել ինքնառաջադրման մեխանիզմ, այսինքն՝ իրավական հնարավորություն սահմանել, որ համայնքի շահագրգիռ անդամը կարող է ինքնառաջադրվել որպես դպրոցի կառավարման խորհրդի անդամ: Առաջարկվում է հստակեցնել խորհրդի անդամի պարտականությունն ու լիազորությունը, հանրայնացնել խորհրդի նիստերը՝ նախապես հրապարակել նիստի օրակարգը, ապա նաև նիստի արձանագրությունը: Փոփոխությունների համատեքստում քննարկվում է նաև տարածաշրջանային խորհուրդներ ստեղծելու մոդելը, որը ենթադրում է, որ նույն խորհուրդը կարող է կառավարել մի քանի փոքր դպրոց: Որպես նորույթ՝ առաջարկվում է դպրոցի կառավարման խորհրդի անդամի համար սահմանել կրթական ցենզի պահանջ՝ նվազագույնը նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն: Մյուսը՝ տնօրենների հավաստագրման նոր մեխանիզմի մշակումն է, որը ենթադրում է տնօրենների հավաստագրման և գնահատման նոր անկախ մարմնի ձևավորում։ Այս ուղղությամբ մի քանի մոդելների առաջարկներ են քննարկվում․ վերջնական մոտեցում դեռ ձևավորված չէ: Առաջարկներից մեկն էլ վերաբերում է տնօրենի ներկայացվող էթիկայի և բարեվարքության կանոնների մշակմանը: Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշել է, որ հետազոտության նպատակը դպրոցների կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է. «Մեզ համար հասարակական կազմակերպությունների և քաղհասարակության ներկայացուցիչների կարծիքները կարևոր են. պատրաստ ենք ձեր առաջարկների հիման վրա լրամշակել զեկույցի առաջարկությունները, որոնցից բխելու են բարեփոխման միջոցառումները»,- նշել է Դ. Սահակյանը: Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.