News

Ըստ լեզվաբանների` հայոց լեզվի պահպանման հարցը վտանգված է

Educational 2013-09-11

«Երբ հայախոս մարդկանց հսկայական զանգված է հեռանում մայր հողից, լեզուն ինքնին վտանգվում է»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը:
Ըստ նրա` հայերենը արտերկրում դառնում է «խոհանոցային» մակարդակի շփման լեզու, երբ արտասահմանում բնակվող հայերը մայրենի լեզվով բարդ նախադասություններ չեն կարողանում կազմել: «Եթե Հայաստանում ռուսական համալսարան բացվի, այնտեղ սովորող անձինք չեն կարողանա ազատ հաղորդակցվել մայրենի լեզվով: Հայերենի պահպանման գործը պետք է լինի պետական հոգածության առարկա, հայերենի պահպանությունը պետք է մտնի ազգային անվտանգության շրջանակ»,-ասաց նա` առաջարկելով լուծման  երկու տարբերակ: Առաջին` պետական մարմինները հետամուտ լինեն մայրենի լեզվի պահպանմանը, հակառակ պարագայում, հասարակությունն ինքը պահպանի մայրենին` չգնալ եւ չուսանել ռուսական գիմնազիայում կամ համալսարանում:
 
«Միաժամանակ, չպետք է կարծել, որ դեմ եմ ռուսերեն լեզվին, նույնիսկ սիրում եմ այդ լեզուն, սակայն դրա յուրացումը չպետք է լինի հայերենի հաշվին: Հայաստանում անգլախոսության, ֆրանսախոսության կամ գերմանախոսության վտանգ չկա, մինչդեռ վտանգը գալիս է ռուսախոսությունից:»,-ընդգծեց Գյուրջինյանը` նկատելով, որ վտանգը ոչ թե Մոսկվայից է գալիս, այլ հենց մեր ներսից. «Հայախոսների տարածքը գնալով սեղմվում է: Մենք ունենում ենք հայախոսության կորուստ: Մինչդեռ, լեզուն հիմքերի հիմքն է, մարդու հոգեկերտվածքը»,- ասաց լեզվաբանը:
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.