News

ՀՊՃՀ-ի լաբորատորիաները համալրվել են նորագույն սարքավորումներով

Educational 2013-09-10

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 10-րդ մասնաշենքի միանգամից 4 հարկերի լաբորատորիաները համալրվել են նորագույն սարքավորումներով: Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՊՃՀ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ լաբորատորիաները ստեղծվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ և նպատակ ունեն աշխատաշուկաների պահանջները բավարարող որակյալ կադրեր պատրաստել:
«Լաբորատորիաները ստեղծվել են նաև միջազգային կառույցների աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության և «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության աջակցությամբ: Սա մեր անկախության տարիներին ամենախոշոր միանվագ ներդրումն է բուհական համակարգում: Հիշեցնեմ, որ բարձրագույն կրթության արդիականացման խնդիրները, մասնավորապես՝ ժամանակակից լաբորատորիաների ստեղծումը, եղել է նախագահի նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկը կրթության ոլորտում, և այսօր փաստում ենք, որ այս խոստումը կատարված է»,- ասաց նախարարը։
 
ՀՊՃՀ-ում էր նաև ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, ով ընդգծեց, որ Հայաստանի ապագան գիտելիքների վրա հիմնված տնտեսությունն է:
 
«Տեղեկատվական գիտությունների ոլորտը այսօր արդիական ոլորտ է: Մենք՝ ԱՄՆ-ի դեսպանատունը, միջազգային զարգացման գործակալության հետ միասին աշխատում ենք մեր գործընկերների հետ, համալսարանների ու այլ կառույցների հետ, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեն հայ տաղանդաշատ մասնագետների համար: Այս ծրագիրը, որը իրականացվել է համալսարանում այնպիսի ծրագրերից է, որոնց շուրջ մենք ցանկություն ունենք աշխատել»,- ասաց դեսպանը:
 
Համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը վստահեցրեց, որ որակյալ տեխնիկայով հագեցված լաբորատորիաները ապահովելու են կրթական ռեսուրսների զարգացումը, նպաստելու են ինժեներական կրթության մեջ հետազոտական ներուժի մեծացմանը:
 
«Սա կնպաստի, որ մեզ մոտ սովորող ինժեներները տիրապետեն ժամանակակից տեխնիկային և այդ պատրաստվածությամբ մտնեն տնտեսություն, որտեղ ներդրվում են ժամանակից տարբեր տեխնոլոգիաներ»,- ասաց ԱՄՆ դեսպանը:
 
Աղբյուրը` tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.