News

Վատիկանում կբացվի Գրիգոր Նարեկացու արձանը

Featured 2018-04-04

Ապրիլի 6-ին Վատիկանում տեղի կունենա Գրիգոր Նարեկացու արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Չեխիայում ձուլված երկու մետրանոց բրոնզե արձանի պատմությունը սկսվել է 2016 թվականից, երբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ուխտագնացություն կատարեց դեպի առաջին քրիստոնյա երկիր՝ Հայաստան: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին նվիրեց Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես ուխտագնացության խորհրդանիշ՝ հույս հայտնելով, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում, ինչին պապը հավանություն տվեց: Նշենք, որ Նարեկացու արձանի հեղինակը Դավիթ Երևանցին է։ Հայ գրականության վերածնության հիմնադիր և փիլիսոփայական մտքի հանճար, քրիստոնյա հոգևորական և աստվածաբան, Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու կյանքի մասին այսօր շատ քիչ տեղեկություններ են պահպանվել: Հայտնի է, որ Նարեկացին ծնվել է 10-րդ դարում Վասպուրական նահանգի Ռշտունի գավառի Նարեկ գյուղում՝ Խոսրով եպիսկոպոսի ընտանիքում, և մանուկ հասակից կապված է եղել հոգևոր աշխարհին և կրոնափիլիսոփայական գրականությունը: Ուսումը ստացել է Նարեկա վանքում՝ Անանիա Նարեկացու մոտ, ապա դարձել վանական: Նարեկացու գրչին են պատկանում բազմաթիվ ստեղծագործություններ՝ գանձեր, տաղեր, թղթեր, սակայն նրա գրական ժառանգության գագաթնակետը «Մատյան ողբերգությունն» է՝ «Նարեկը»՝ հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքը, մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքներից մեկը, որով Նարեկացին հռչակ է ձեռք բերել հայ և համաշխարհային գրականության մեջ: Նարեկացին կարողացել է թափանցել մարդկային սրտի խորքերը և վեր հանել ամենանվիրական զգացմունքները: Նարեկացու պոեմը անգամ թարգմանության մեջ աստվածային է հնչում, ուստի բազմաթիվ մեծանուն հեղինակներ մինչև օրս իրենց հիացմունքի խոսքն են ուղղում և գլուխ խոնարհում Նարեկացու ստեղծագործության և փիլիսոփայական ու աստվածային մտքի առջև: Հայ Առաքելական Եկեղեցու կողմից Գրիգոր Նարեկացին սրբադասվել է։ 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։ Հատկանշական է, որ եկեղեցու ուսուցիչների ընդհանուր ցանկը 36 անունից է բաղկացած, որից մեկը Սուրբ Գրիգոր Նարեկացին է: Աղբյուրը՝ Armedia.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.