News

Կրթությունը՝ որպես լավագույն ներդրում ապագայի համար կամ Հայաստանը՝ համաշխարհային կրթական քարտեզին

Featured 2018-03-31

Հանրաճանաչ փաստ է, որ կրթությունը հիմնարար նշանակություն ունի մարդկության զարգացման համար: Մարդու միտքն է, որ ապահովում է ձեռքբերումներ կյանքի բոլոր ոլորտներում` սկսած բժշկության և գյուղատնտեսության մեջ բեկումնային նորարարություններից և վերջացրած արդյունավետ հանրային կառավարմամբ ու ձեռներեցությամբ: Բոլոր ոլորտներում առկա պոտենցիալ նվաճումներից ամբողջական օգուտ քաղելու համար պետությունները պետք է ազատություն տան մարդկային մտքի ներզոր կարողություններին, և դա անելու լավագույն գործիքը կրթությունն է: Այն կարևորագույն դեր է խաղում ցանկացած հասարակության աճի ու առաջընթացի գործում, և դրա նկատմամբ ճիշտ կամ սխալ մոտեցումից է կախված այս կամ այն մշակույթի փառավորումը կամ խորտակումը: Եթե հասարակության անդամները կրթված են, նրանք կարող են նշանակալի ներդրում կատարել արվեստի, գրականության, գիտատեխնիկական, անվտանգության, պաշտպանության և այլ ոլորտներում՝ ստեղծելով ներդաշնակ և խթանիչ հանրույթ: Մասնավորապես, խոսելով անվտանգության ոլորտի մասին, կարելի է հիշել զորահրամանատար Վելինգթոնի խոսքերը, ըստ որի՝ Վաթեռլոյի հաղթանակը ձեռք բերվեց Իթոնի (դպրոցի) խաղահրապարակներում: Կրթության և գիտության զարգացումը Հայաստանում հատկապես առանցքային կարևորություն ձեռք բերեց պետականաշինության և հաստատութենաշինության ներկայիս՝ արդիականացման փուլում՝ դրված լինելով գրեթե բոլոր ոլորտներում իրականացվող բարեփոխումների հիմքում և արտացոլվելով տարաբնույթ ռազմավարություններում, զարգացման ծրագրերում և այլ ուղեցույց ու ղեկավար փաստաթղթերում: Միաժամանակ կրթության բնագավառի արդյունավետ և կայուն զարգացման համար կարևորագույն նշանակություն ունի վարչական և ֆինանսական ռեսուրսների տիրապետող հանրային ոլորտի սիներգիկ փոխգործակցությունը ինքնատիպ խորագիտակություն ունեցող մասնավոր հատվածի հետ: Որպես կրթության ոլորտում նորարարությունների մշակման, ներբերման և կենսագործման արդյունավետ դերակատար` կարելի է դիտարկել Dasaran կրթական ծրագիրը: Օգտագործելով թվայնացման և հեռահաղորդակցության ասպարեզներում ամենաարդի ձեռքբերումները, արտերկրի և հայրենական գիտակրթական հաստատությունների լավագույն մասնագետների ցանցային փոխգործակցության հնարավորությունները` Dasaran-ը ստեղծել է արդյունավետ այլընտրանքային ուսուցման հարթակ և որդեգրել է կրթությունը բոլորին հասանելի դարձնելու առաքելություն՝ անկախ սոցիալական կարգավիճակից և աշխարհագրական դիրքից: Հատկապես կարևորվում է մեր հարթակի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ թույլ տալով ընդօրինակել առաջավոր փորձը և ներկայացնել Dasaran-ի մշակած լուծումները՝ ստանալով արժեքավոր առաջարկություններ դրանց հետագա կատարելագործման վերաբերյալ: Միջազգային ասպարեզում հանդես գալու հերթական հնարավորությունն էր վերջերս Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացված «Կրթության և հմտությունների համաշխարհային ֆորում 2018» միջոցառումը, որը մեկ հարկի տակ հավաքել էր տարբեր երկրների քաղաքական ղեկավարությանը, կրթության ոլորտի պատասխանատու կառավարության անդամների, մասնավոր հատվածից ներդրողների և գիտակրթական կազմակերպությունների ներկայացուցիչների: Անցկացված լիագումար նիստերի և պրոֆիլային հանդիպումների ժամանակ իրենց փորձն ու տեսլականը ներկայացրին մի շարք գործող և նախկին պետական գործիչներ, ներառյալ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյերը, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալ Գորը և այլք։ Միջոցառմանը ներկայացված զեկույցները և հաջորդիվ քննարկումները բերեցին այն եզրահանգման, որ կրթության պակասը կարևորագույն գործոն է աշխարհին ներկայումս առերեսվող մի շարք սոցիալական, քաղաքական, տնտեսական և առողջական խնդիրների ծագման համար, և կրթությունն է, որ ի զորու է նվազեցնելու աղքատությունը, կանխակալությունը և հակամարտությունը: Այս ուղղությամբ համաշխարհային առաջավոր փորձը ներկայացնելու և նախաձեռնողականությունը քաջալերելու նպատակով ֆորումի շրջանակներում ներկայացվեցին աշխարհի թվով 42 կրթական լավագույն նորարարական ծրագրեր, որոնցից էր նաև Հայաստանը ներկայացնող Dasaran կրթական ծրագիրը: Որպես Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ`Սուրեն Ալոյանն իր ելութում ընդգծեց նոր տեխնոլոգիական լուծումների միջոցով կրթությունը բոլորին հավասարապես հասանելի դարձնելու կարևորությունը և ներկայացրեց կրթական ծրագրի կողմից ստեղծված հանրակրթության վերլուծական-վիճակագրական E-stat գործիքը։ Էլեկտրոնային այս գործիքը կարող է ներդրվել աշխարհի ցանկացած երկրի կրթական համակարգում՝ հնարավորություն տալով ավելի արդյունավետ հավաքել, մշակել, վերլուծել, բաշխել և արխիվացնել հանրակրթական դպրոցների վերաբերյալ տվյալները՝ այս գործընթացի տևողությունը կրճատելով մեկ տարուց մինչև մի քանի վայրկյանի։ Պետք է նշել, որ Dasaran-ը նախկինում ընդգրկվել էր նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) և Impact Hub-ի նախաձեռնած Accelerate2030 միջազգային մրցույթի արդյունքներով աշխարհի լավագույն 5 նորարարական ծրագրերի շարքում: Ներգրավված լինելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) հանրօգուտ ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների աքսելերատոր ImpactAim-ին՝ Dasaran-ը հնարավորություն էր ստացել մասնակցելու իր տեսակի մեջ եզակի ֆորումին։ Ընդհանրապես, որպես փոփոխությունների ջատագով հանդես եկող և երկրները գիտելիքներին, փորձառությանը և ռեսուրսներին կապակցող UNDP-ն հետապնդում է ավելի լավ կյանք կառուցելու հարցում մարդկանց օգնելու առաքելություն և այս նպատակադրմամբ իր գերակա ուղղություններից է համարում կրթությանն աջակցելը: Վերջում հարկ է հիշատակել, որ «Կրթության և հմտությունների համաշխարհային ֆորումի» թերևս գլխավոր նպատակը մեկն էր. ցույց տալ աշխարհին, որ ապագա հասարակություն կերտողն ու որակյալ կրթության առանցքը ուսուցիչն է։ Ուսուցիչները կենսական նշանակության դեր են կատարում իրենց հոգածության տակ գտնվող աշակերտների և ուսանողների համար: Բացի սաներին կրթելուց, ուսուցիչները պատասխանատու են դասասենյակներում բարեկրթության, բարեվարքության և մարդկային ջերմության մթնոլորտ ձևավորելու, սաների հետ անհատական աշխատանք իրականացնելու, որպես ընդօրինակելու կերպար հանդես գալու և կոնֆլիկտային դրսևորումները հարթելու համար: Dasaran-ը այսուհետ ևս կշարունակի և կավելացնի տարատեսակ միջազգային ասպարեզներում հանդես գալու և արտերկրի գործընկերների հետ փոխներգործող ռեժիմում համագործակցելու իր քաղաքականությունը: Այս շփումները նպատակամիտված են Հայատանի՝ որպես կրթության պոտենցիալ արտահանող երկրի, ձեռքբերումների ներկայացմանը, արտերկրի առաջատար փորձի ընդօրինակմանը և Հայաստանի կրթության ոլորտում միջազգային աջակցող կարողությունների ներգրավմանը: Բենջամին Ֆրանկլինը նշում էր, որ կրթության մեջ ներդրումը տալիս է լավագույն դիվիդենտները: Dasaran-ը համակարծիք է այս ձևակերպմանը և վերջինիս կենսագործմամբ ձգտում է մեր երիտասարդության համար ապահովել գիտելիքից դեպի հաջողություն տանող կայուն ուղեգիծ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.