News

ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանը ընդունել է Որակի ապահովման միջազգային փորձագիտական խմբի անդամներին

Educational 2013-09-10

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ս.թ. օգոստոսի 9-ին հանդիպում է ունեցել Հայաստան ժամանած Որակի ապահովման միջազգային փորձագիտական խմբի անդամներին, ովքեր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում արտաքին գնահատում պետք է իրականացնեն:
Փորձագետների խնդրանքով նախարարը ներկայացրել է բարձրագույն կրթության բնագավառում մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու դրանց ուղղությունները:
 
«Կրթության որակի ապահովման նկատմամբ ՀՀ կառավարության որդեգրած հետևողական քաղաքականության համատեքստում մենք մեծապես կարևորում ենք Հայաստանում հավատարմագրման գործընթացի, կրթության որակի,  ինչպես նաև հայաստանյան բուհերի` որակի ապահովման եվրոպական չափորոշիչներին և ուղենիշերին համապատասխանացումը»,-նշել է Արմեն Աշոտյանը` շեշտելով, որ այդ ուղղությամբ Հայաստանում բավականին մեծ աշխատանք է տարվել: Նախարարը նաև ընդգծել է, որ հավատարմագրման գործընթացը մեծապես կնպաստի բուհերի մրցունակության և միջազգային հեղինակության բարձրացմանը:
Փորձագետները, ողջունելով Հայաստանի կառավարության նման քաղաքականությունը, իրենց պատրաստակամությունն են արտահայտել աջակցելու բուհերի հավատարմագրման գործընթացում իրականացվող աշխատանքներին:
 
Նշենք, որ ARQATA ծրագրի շրջանակներում որակի ապահովման եվրոպական չափանիշներին համապատասխան  կազմված փորձագետների խումբը 2013թ.-ի սեպտեմբերի 9-ից 12-ը կիրականացնի փորձագիտական այց  «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ` արտաքին գնահատում իրականացնելու նպատակով: Գործընթացը միտված է գնահատելու ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող գործունեության համապատասխանությունը որակի ապահովման եվրոպական չափորոշիչներին և ուղենիշերին, ինչպես նաև նախապատրաստելու ՈԱԱԿ-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA)-ի լիիրավ անդամության համար դիմելուն: Այցի ընթացքում փորձագիտական խումբը հանդիպումներ կունենա ՈԱԱԿ-ի աշխատակազմի, ՈԱԱԿ-ի հոգաբարձուների խորհդի անդամների, բուհերի ղեկավարների, գործատուների և այլ շահառուների հետ:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.