News

Արևոտ երկրի արևոտ բնակիչներ

Educational 2018-03-23

Վերջին շրջանում մեր դպրոցում օրինաչափ են դարձել անակնկալ միջոցառումները, սակայն անգամ այդ անակնկալների համայնապատկերում հաճելի անակնկալ էր Վանաձորի Գ. Չաուշի անվան դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Հերմինե Ղարագյոզյանի՝ <<Արևոտ երկրի բնակիչները>> խորագրով միջոցառումը՝ նվիրված մեծն Լեոնիդ Ենգիբարյանին: Հանելուկ ու առեղծված է այս ուսուցչուհին իր ներքին աշխարհով: Արտաքուստ խաղաղ, անալեկոծ՝ չես էլ հասկանում, թե ինչ փոթորիկիների միջով է անցնում նրա փխրուն հոգին, որ վերջում մեզ մատուցում է այս գեղեցիկ <<տեղատվությունը>>: Ինչպիսի՜ սուր աչքով ու հմուտ դիտողականությամբ, ինչպիսի՜ անկաշառ ճաշակով ու բծախնդրությամբ էին ընտրված նրա միջոցառման կերպարները՝ փոքրիկ և <<հանդուգն զվարճախոս>> Երվանդ Պետրոսյանը (Vա դասարան), ենգիբարյանական ճկունությամբ ու կշռով խոսքը մեզ մատուցող Արևիկ Առուշանյանը, Միլենա Մքոյանը, Լիանա Սարգսյանը, Ելիզավետա Դարմանջյանը (XIա դասարան), Դավիթ Խաչատրյանը (XIբ դասարան), Նարեկ Ջիլավյանը (X դասարան), Անահիտ Մկրտչյանը և Անի Սեփխանյանը (IX դասարան): Դահլիճում թևածում էր ենգիբարյանական ոգին, որն այնպես էր իշխել հանդիսատեսին, որ թվում էր՝ լսելի է անգամ յուրաքանչյուրի շնչառությունը: Երկար էի մտածում վերնագրի շուրջ, սակայն միջոցառման ընթացքում գտա պատասխանը. արևոտ է այն երկիրը, որ ծնում է նման ուսուցիչներ ու նման աշակերտներ, արևոտ է այն երկիրը, որի բնակիչները ուրախ են, ծիծաղկոտ, բարեհամբույր ու սիրալիր: Արևոտ է այն երկիրը, որտեղ չար նախանձը չունի տեղ, որտեղ մարդիկ հրճվում են ու բերկրում մեկը մյուսի հաջողություններով: Եկե՛ք, եկեք կաթվածահար անենք բոլոր այն չար մարդկանց, ովքեր ասես մի պարկի մեջ գողացել են մեր ժպիտներն ու ծիծաղները, մեր ներկապնակի պայծառ գույները և ամուր կապել են պարկի բերանը: Եկենք մենք՝ արևոտ երկրի բնակիչներս, արձակենք բոլոր կապերը, և որոտընդոստ ծիծաղից թող օդը թնդա, մարդիկ գրկախառնվեն ու սիրեն իրար: Շնորհակալություն բոլորին, շնորհավորում եմ բոլորիս և հորդորում. -Մարդի՛կ, փնտրե՛ք ձեզ ձեր մեջ, Քանի դեռ ուշ չէ, Քանի չեք խեղդվել ձեր իսկ ոստայնում, Քանի դեռ աստղերը երկնքի հուշ չեն, Եվ մայրամուտն էլ այգ է խոստանում, Փնտրե՛ք ձեզ ձեր մեջ...

Լոռի, ք. Վանաձորի թիվ 24 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.