News

Նրանք են հյուսում մեր բախտի հիմնը…

Educational 2018-03-12

Արդարև, այսօրվա սերունդն է հյուսում մեր բախտի հիմնը: Թերևս դա էր ապացուցում Վանաձորի Գևորգ Չաուշի անվան N24 միջնակարգ դպրոցի XIբ դասարանի աշակերտների հաճելի անակնկալը՝ նվիրված Մեծն Սպարապետի՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան 59-րդ տարելիցին: Վազգեն Սարգսյանի անունով անվանակոչված այս դասարանը իրավամբ իր երախտագիտության և խոնարհումի տուրքը ըստ արժանվույնս մատուցեց մեծ հայրենասերին՝ մեր բանակաշինության մունետիկին: Փոքրիկ, սակայն տպավորիչ այս ասելիքով նրանք ապացուցեցին, որ իրենցից յուրաքանչյուրը վաղվա արժանի քաղաքացին է, մարտունակ զինվորը, կտրիճ ծնող հայ մայրը,- նա, ով անզիջում ու անկոտրում է, երբ խոսքը հայրենիքին է վերաբերում: Անակնկալը իսկապես ազդեցիկ էր, քանզի դրա ետևում մի ողջ դասարանի կամք էր, նախանձախնդրություն, մի ողջ դասարանի պայծառ հավատ, մի ողջ դասարանի նախաձեռնություն: Սակայն ոչինչ չի լինում հենց այնպես. դասարանի դասղեկ Աիդա Աղաբայանը, ով նաև պատմություն է դասավանդում իր դասարանում (պատմության մեթոդմիավորման նախագահն է) նույնպես հաճելիորեն տպավորված էր իր դասարանի անակնկալով. նա միայն սերմն էր պահ տվել հողին, իսկ մենք բարն էինք հավաքում ու ըմբոշխնում: Շնորհակալությու՛ն, սիրելի՛ ուսուցչուհի, ցանած հերկերի համար: Շնորհակալությու՛ն, սիրելի՛ աշակերտներ, մեր ապագայի խանձարուրը ձեր արշալույսների կարմիր թելերով կապելու համար, մեր վաղվա արևահեր օրերը կռելու համար, մեր եռագույնը աշխարհին պարզելու համար: <<Հավատացե՛ք, XXI դարը ձե՛րն է լինելու>>,- Մեծն Սպարապետի այս հրամայականով ավարտվեց միջոցառումը՝ դրոշմված տնօրեն Հասմիկ Հովսեփյանի խորին հավատով, որ աշակերտները ոչ միայն իրենց շապիկների վրա են կրում Վազգեն Սարգսյանի պատկերը, այլ նաև իրենց հոգիներում:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 24 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.