News

«Զորավարից Զորավար»

Educational 2018-03-03

Արմավիրի 5-րդ հիմնական դպրոցում մարզպետը ներկա է գտնվել «Զորավարից Զորավար» խորագիրը կրող միջոցառմանը ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի և մի շարք կրթօջախների տնօրենների հետ այսօր ներկա է գտնվել զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում կազմակերպված «Զորավարից Զորավար» խորագիրը կրող միջոցառմանը: Միջոցառման շրջանակում կրթօջախի 5-րդ Գ դասարանի աշակերտներն ասմունքի, երգի և Առաքելոց վանքի պաշարումը ներկայացնող բեմադրության միջոցով անդրադարձել են հայի հերոսական կերպարին` զորավար Անդրանիկից միչև մերօրյա հերոսներ: Աշակերտները երդվել են Անդրանիկյաններ դառնալ, որովհետև սերունդն են հալածված, բայց հաղթանակած մի ազգի, որի արյունն իրենց երակներով է հոսում: Եվ որպես Անդրանիկյաններ` իրենք էլ միշտ պատրաստ են պայքարել հանուն այն ազատության ու արժեքների, որոնք արյունով են ստեղծվել: Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել միջոցառման հեղինակ, 5-րդ Գ դասարանի դասղեկ Հերմինե Մխիթարյանին և իր աշակերտներին` հայի մարտնչող և ազգանվեր տեսակը յուրովի ներկայացնելու համար: «Մենք մեր դարավոր պատմության ընթացքում որևէ ազգի, պետության պատերազմ չենք պարտադրել: Սակայն պարտադրված պատերազմի պայմաններում միշտ ոտքի ենք կանգնել և զենքը ձեռքներիս պայքարել ենք հանուն մեր ազատության ու անկախության, հանուն մեր լուսավոր գալիքի»,- իր խոսքում նշել է մարզպետը` ցանկություն հայտնելով, որ աշխարհում դադարեն պատերազմել և մարդկությունն ապրի խաղաղության պայմաններում, իսկ մեր մատաղ սերունդն իր ժամանակն ամբողջությամբ նվիրի ուսմանը, գիտելիքների հարստացմանը` հանուն այն ապագայի, որի համար մարտնչել են իրենց պապերը, նախնիները:

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.