News

Ավագ դպրոցների բարեփոխումները շարունակվում են

Educational 2013-08-31

Երեկ ՀՀ Կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում վարել է խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության ավագ դպրոցների տնօրենները: Շեշտելով, որ ավագ դպրոցների բարեփոխումը դեռևս ավարտված չէ՝ նախարարն ընդգծել է, որ հիմնական խնդիրն ավագ դասարաններում կրթության որակի ապահավումն է:
«Մենք ավագ դպրոցների՝ այսինքն 12-ամյա համակարգով դպրոց հաճախած երեխաների առաջին  շրջանավարտները կունենանք 2018 թվականին, հետևաբար առայժմ վաղ է խոսել ավագ դպրոցների կայացած լինելու մասին: Սակայն այսօր արդեն, վստահաբար, կան մրցունակ ավագ դպրոցներ, որոնք կարողանում են համալրել բավական շատ թվով ավագ դասարաններ, կան նաև դպրոցներ, որոնք ունեն աշակերտի խնդիր, հետևաբար չեն ապահովում անհրաժեշտ կրթության որակ: Ավագ դպրոցն այսօր պետք է պայքարի աշակերտի համար՝ մրցակցելով մի կողմից այլ ավագ դպրոցների, մյուս կողմից քոլեջների ու ուսումնարանների հետ: Նման պայմաններում ավագ դպրոցները պետք է կարողանան ապահովել կրթական միջավայր, որը աշակերտների ներգրավման համար առաջին  նախապայմանն է:»,- նշել է նախարարը:
 
ՀՀ ԿԳ նախարարը մտահոգիչ է համարել ավագ դպրոցների  շենքային պայմանների բարելավումը, նշելով, որ այդ խնդիրը լուծում կստանա Համաշխարհային բանկի վարկային ծրագրով, որի հաստատումից հետո, ըստ առաջնահերթության, ավագ դպրոցներում հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն:
 
Միաժամանակ  ավագ դպրոցների վերանորոգման նպատակով գումարներ են հատկացվել նաև պետական բյուջեից՝ մասնավորապես այժմ կառուցվում է Կապանի թիվ 2 ավագ դպրոցը, վերակառուցվել է նաև Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցը: Իբրև ձեռքբերում նախարարը նշել է նաև, որ բավական աշխատանքներ են  կատարվել ավագ դպրոցների տեխնիկական հագեցվածության բարելավման ուղղությամբ:
 
Պատասխանելով քիչ թվով աշակերտներ ունեցող ավագ դպրոցների վերամիավորման մասին հարցին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ հատկապես մի շարք մարզերում նման խնդիր կա, ուստի չի բացառվում, որ ավագ դպրոցները կարող են վերակազմավորվել:  
Խորհրդակցության ընթացքում նախարարը պատասխանել է նաև ավագ դպրոցների տնօրենների այլ հարցերին, որոնք վերաբերել են առարկայական ծրագրերին, դասագրքերին, ուսուցիչների որակավորման տարակարգերին և այլն:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.