News

Մեկնարկում է «Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառ»-ը

Featured 2018-02-16

Փետրվարի 17-21-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կկազմակերպվի «Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառ»-ը։ Տոնավաճառի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 19-ին՝ ժամը 14:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում: Տոնավաճառի շրջանակում տեղի կունենա գրքի ցուցահանդես-վաճառք, անհատական և խմբային այցելություններ, զրույցների, տեսությունների շարքեր, «Տարվա հոբելյարներ», «Երևանը և երևանցիները» խորագրերով էլեկտրոնային ծանոթացումներ, երաժշտական խմբային ունկնդրումներ, էքսկուրսիաներ, մուլտֆիլմերի դիտումներ, բարձրաձայն և ընտանեկան ընթերցանություն: Ցուցահանդես-տոնավաճառը նպատակն է հանրությանը ներկայացնել ՀՀ հրատարակիչների վերջին տարիների՝ մանուկներին և պատանիներին հասցեագրված լավագույն հրատարակությունները և նպաստել գիրք-ընթերցող կապի սերտացմանը: Ավանդական դարձած տոնավաճառի կազմակերպումը միտված է մանուկների և պատանիների շրջանում գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրության առաջացմանը և մանկապատանեկան գրքի նորություններին իրազեկմանը: Մշակութային ծրագրում կիրականացվեն գրադարանի հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեքիաթապատումները, որոնց ընթացքում օտարազգի դիվանագետները և հայ անվանի արվեստագետները փոքրիկներին կներկայացնեն համաշխարհային և ազգային հեքիաթներ: Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, կշեշտադրվի «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում սահմանվելիք 20% զեղչով գնված նախընտրելի գիրքը կարելի է ընծայագրել հայ զինվորին. օրվա խորհրդին համահունչ նախատեսվում են թումանյանական մոտիվներով մուլտֆիլմերի դիտումներ, վիկտորինա, գրական խաղեր, ունկնդրումներ՝ «Թումանյանը երգերի մեջ» խորագրով: Փետրվարի 21-ին կկազմակերպվեն Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված պոեզիայի ժամ, զրույցներ, գրական, մտավոր և ուսուցողական խաղեր և ընտանեկան ընթերցանություններ: Միջոցառումն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Աղբյուրը՝ Mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.