News

ԿԳ նախարար Ա.Աշոտյանը մասնակցել է Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությանը

Educational 2013-08-28

Ս.թ. օգոստոսի 26-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Սյունիքի մարզի Կապան քաղաքում ներկա է գտնվել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությանը, որտեղ ներկայացվել են Սյունիքի մարզի կրթական համակարգում 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքներն ու առկա խնդիրները:
Խորհրդակցությունը վարել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
 
Շեշտելով, որ Սյունիքում առաջին անգամ է մասնակցում օգոստոսյան խորհրդակցությանը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ  հերթական  ուսումնական տարին մեկնարկում  է նոր ուսումնական պլաններով ու  դասագրքերով և մի շարք առարկաների բեռնաթափված  ծրագրերով. «Ես ակնկալում եմ, որ գալիք ուսումնական տարվա ընթացքում կատարված քայլերի վերաբերյալ կստանանք նաև ձեր գնահատականը,- դիմելով ուսուցիչներին նշել է  Աշոտյանն ու շարունակել,- նախորդ տարվա ընթացքում, ի թիվս հանրապետության 90 դպրոցների, Սյունիքի որոշ դպրոցներ ևս ներառված էին դասագրքերի փորձարկման  ծրագրերում: Այսինքն՝ մինչ դասագրքի հրատարակումը դրանք ներկայցվել էին փորձարկման՝ ակնկալելով մասնագիտական գնահատական: Սակայն ճնշող մեծամասնությունը շատ ֆորմալ, ձևական պատասխաններ է ներկայացրել: Այնպես որ, եթե հետագայում դասագրքերի որակի հետ կապված լինեն դժգոհություններ՝ նկատի ունեցեք, որ մենք մատնացույց ենք անելու դրական կարծիքներ հայտնած դպրոցներին: Ընդհանրապես, մասնագիտական համաձայնության խնդիրը Հայաստանում շատ լուրջ է: Հազվադեպ է պատահում, որ միևնույն հարցի վերաբերյալ մասնագետներն  ունենան միասնական կարծիք»:
 
Արձագանքելով հարցադրմանը, թե մարզի դպրոցների մեծ մասը կարիք ունեն լաբորատոր սարքավորումների և  նյութատեխնիկական բազայի բարելավման՝  նախարարը նշել է, որ այս տարի հանրապետության գրեթե բոլոր դպրոցներն ապահովված կլինեն  ինտերնետային կապով: Միաժամանակ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին ակտիվ կապի մեջ լինել նախարարության հետ և ներկայացնեն ինտերնետային կապի որակի վերաբերյալ իրենց դիտողությունները, որպեսզի հնարավոր լինի վերահսկել ինտերնետ կապ մատուցող ընկերությունների աշխատանքը:
 
Արձագանքելով մարզի մի շարք դպրոցներից ստացված դիմումներին՝  Ա. Աշոտյանն առաջարկել է, որ դպրոցները իրենց հայեցողությամբ անցնեն 5-օրյա աշխատանքային շաբաթի: «Կրթությունը դպրոցներում կարող է լինել ինչպես 5-օրյա, այնպես էլ 6-օրյա, ընտրության իրավունքը  թողել ենք դպրոցներին: Մենք հարգում ենք դպրոցների մոտեցումները: Մարզպետարանի միջնորդությամբ նախարարությունը պատրաստ է այդ խնդրին տալ այնպիսի լուծում, որը կբխի դպրոցի շահերից», - պարզաբանել է  նախարարը:
 
Խորհրդակցության ավարտից հետո ՀՀ ԿԳ նախարարը այցելել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցի նոր կառուցվող մասնաշենք, ծանոթացել  շինարարության ընթացքին: Կապանի թիվ 2 ավագ դպրոցը երկու տարի առաջ փլուզվել էր, այժմ կառավարության կողմից հատկացված միջոցներով նույն տեղում նոր դպրոց  է կառուցվում: Այս ընթացքում Կապանի թիվ 2 ավագ դպրոցը դասընթացները կազմակերպել է Կապանի թիվ 1 և թիվ 6 դպրոցների մասնաշենքերում: Նախարարին զեկուցվել է, որ դպրոցի կառուցումը ավարտին կհասցվի մեկ տարվա ընթացքում, և հաջորդ  սեպտեմբերիր 1-ին կրթօջախը պատրաստ կլինի շահագործման:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.