News

Սունդուկյանցիներն աշնանային թատերաշրջանի ժամանակ կխաղան մոտ 40 ներկայացում

Featured 2013-08-27

Ս. թ. օգոստոսի 8-16-ը Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասանները մեկնել էին Բաթում՝ հյուրախաղերի։ Դերասանները այնտեղ խաղացել են Բրեխտի «Կովկասի կավճե շրջանը» և Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց» ներկայացումները:
Օրական մեկ-երկու փորձից հետո թատրոնի դերասանները կարողացել են մնացած ժամանակը տրամադրել ակտիվ հանգստին: Եղել են քաղաքի տեսարժան վայրերում, հանդիպում ունեցել հայկական համայնքի և հոգևոր հովվի հետ:
 
«Եղանք նաև եկեղեցում, որտեղի կիրակնօրյա դպրոցում կար հրաշալի երգչախումբ, որի անդամներից ամենամեծը 13-14 տարեկան էր: Տեսնել էր պետք, թե ինչպես էին կատարում հայ երգը. այնպես Կոմիտաս երգեցին այդ երեխաները, այնքա՜ն հայեցի էր, որ քեզ թվում էր` Հայաստանում ես»,- իր տպավորություններով կիսվեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մամուլի քարտուղար Վահե Մովսիսյանը: 
 
Սունդուկյանցիները երկու ներկայացումների ժամանակ էլ առիթ են ունեցել հանադիպելու Բաթումում Հայաստանի հյուպատոսի հետ: Հյուպատոսն ընտանիքի ու բարեկամների հետ է մասնակցել ներկայացմանը, ներկա է եղել նաև հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվը` իր մի քանի ամսական երեխայի հետ: 
 
«Այն մոտեցումները, որ ցուցաբերեցին մեր վիրահայերը, շատ հուզիչ էր, ինքս ինձ ասում էի` երանի մի քանի այսպիսի հնարավորություն լիներ, այսպիսի շրջագայություն լիներ` մարդկանց հիշեցնելու, որ հայ են։ Հնարավորություն լիներ մարդկանց հույզերը, մտքերը խառնիչով խառնելու»,- ասաց Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Շողեր Գրիգորյանը: 
 
Նրա ձևակերպմամբ` իր մոտ այնպիսի զգացողություն կար, թե ինչպես հայ համայնքի մեջ շատացնի «հայը», Հայաստանի մասին հիշողությունները: 
 
Վահե Մովսիսյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 14-ին աշնանային թատերաշրջանի բացումն է, որի ժամանակ կխաղան մոտ 40 ներկայացում: Այս ընթացքում երկու նոր ներկայացում ունեն հանձնելու, 70-80 տոկոսով պատրաստ է Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ»-ը և «Մադագասկար» մանկապատանեկան ներկայացումը:
 
Աղբյուրը՝ 1in.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.