News

Կրթության ոլորտի զարգացումը՝ քննարկման առանցքում

Featured 2018-02-01

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը զեկուցել է, որ կրթության ոլորտի զարգացման հետագա ուղղությունները նախանշելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացվելու է Ազգային ժողովի հաստատմանը: «Ամենակարևորն այն էր, որ այս տարվա ընթացքում մեզ հաջողվեց և հայեցակարգային, և կոնկրետ գործողությունների տեսքով քարտեզագրել մեր ամբողջ փաթեթը: Մինչև 2030 թվականի մեր գործողությունների ծրագիրն ունի հայեցակարգային մաս, բայց ավելի կարևոր է երկրորդ հավելվածը, որով փորձեցինք յուրաքանչյուր խնդրի մասով իրականացնել ժամանակացուցային քարտեզագրում, և անելիքները բաշխել գոնե առաջիկա 2-3 տարվա ժամանակահատվածում»,- նշել է նախարար Լևոն Մկրտչյանը: Զեկուցվել է նաև, որ 2017-ի ընթացքում ներդրվել է ուսուցիչների վերաապատրաստման և տարակարգերի նոր համակարգ: Արդյունքում, վերապատրաստվել է շուրջ 7000 ուսուցիչ, ատեստավորման արդյունքում առաջին աստիճանի տարակարգ է շնորհվել 500 ուսուցչի, իսկ 2-րդ աստիճանի տարակարգ՝ 30 ուսուցչի: Տեղեկացվել է, որ մարզերի և Արցախի 11 դպրոցում արդեն իսկ ներդրվել է Արարատյան բակալավրիատի ծրագիրը: Մշակվում է նաև տեխնոլոգիական համալսարանի հայեցակարգը, բանակցություններ են ընթանում դոնոր և միջազգային կազմակերպությունների հետ: Նշվել է, որ 2017-ին կրթության ոլորտում, ընդհանուր առմամբ, իրականացվել են 18 մլն դոլարի ներդրումային ծրագրեր: «Մեր խնդիրը ժամանակակից, լավ կրթական համակարգ ունենալն է, որպեսզի մեր քաղաքացին սովորական դպրոցում կարողանա ստանալ լավ կրթություն: Համակարգին մոտիվացնելու համար մենք պետք է ունենանք լավ դպրոցների օրինակներ»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ դրանք կարող են դառնալ դպրոցական ընդհանուր համակարգի զարգացման «լոկոմոտիվը»: Զեկուցվել է, որ վերանայվել են կրթական ծրագրերը` ներառելով ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրեր: 2017թ. սեպտեմբերից 13 դպրոցում ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Ես և շրջակա աշխարհը» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցում՝ ֆինանսական կրթության տարրերի ներառմամբ: Ձեռնարկատիրական կրթության ներդրման նպատակով նաև 1247 դպրոցի մեկական 2-րդ և 3-րդ դասարաններում փորձնական ներդրվել է «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցում` ձեռնարկատիրական տարրերի ներառմամբ: 227 դպրոցի մեկական 10-րդ դասարաններում ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Ձեռնարկատիրություն» առարկայի ուսուցմամբ: Նախատեսվում է մինչ 2019 թվականը նշված առարկան ներդնել հանրապետության բոլոր դպրոցներում: Նշվել է, որ առարկան դասավանդող ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել: 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան, պիլոտային ծրագրով արդեն իսկ տարբեր համայնքներում հիմնվել են օտար լեզուների ուղղվածությայմբ խորացված դպրոցներ: «Մենք՝ հայերս, դատապարտված ենք իմանալու երեք լեզու: Եթե մենք երեք լեզու չիմանանք՝ ժամանակակից չենք լինելու, մենք փիլիսոփայության, ֆիզիկայի գրքերը չենք կարողանալու թարգմանել հայերեն, իսկ այսօր յուրաքանչյուր օր տեղի են ունենում փոփոխություններ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով մշակել օտար լեզուների դասավանդման մեթոդոլագիայի նոր համակարգ: Վարչապետը կարևորել է նաև դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդումը՝ հորդորելով այդ ուղղությամբ լինել խիստ հետևողական: Հանդիպմանը նշվել է նաև, որ կրթության համակարգում 2017-ին իրականացված օպտիմալացման արդյունքում տնտեսվել է 266 մլն դրամ. օպտիմալացվել է 15 դպրոց, ազատվել է 24377 հազար քմ տարածք: 2018-ին ևս օպտիմալացման ծրագիրը կրելու է շարունակական բնույթ: «Մենք ինքնանպատակ տարածք տնտեսելու ցանկություն չունենք, մենք նպատակ ունենք ստեղծել նորմալ, լավ կրթական համակարգ, որպեսզի ոչ արդյունավետ գումար չծախսենք»,- շեշտել է Կարեն Կարապետյանը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծին, գիտության ոլորտի ներկայիս վիճակին, առկա խնդիրներին և հնարավորություններին: Աղբյուրը՝ gov.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.